Հունաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հանրապետությունում հավատարմագրված ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների 12 աշխատակցի։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Հունաստանի իշխանությունները Հունաստանում հավատարմագրված Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 12 աշխատակցին պերսոնա նոն գրատա են հայտարարել»,- ասվում է տեքստում։
Դրանում նշվում է, որ այդ աշխատակիցները «հայտարարվել են որպես անցանկալի անձինք՝ 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի և 1963 թվականի հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթների համաձայն»։ Ինչպես ընդգծել են գերատեսչությունում, այս որոշման մասին տեղեկացրել են Հունաստանում Ռուսաստանի դեսպանին։