Foto

Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:

«Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, դատարանը բավարարել է միջնորդությունը։

Քրեական օրենսգրքի 311 հոդվածը սահմանում է.

«Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, որը կատարվել է`

1) շորթմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։