Համաշխարհային բանկն իր վերջին Trade Watch զեկույցում հայտարարել է, որ մի շարք զարգացող երկրներ ցորենի կարճաժամկետ պակասի կբախվեն՝ ուկրաինական ցորենի արտահանումից իրենց մեծ կախվածության պատճառով:
Զեկույցում նշվում է, որ Գամբիան, Լիբանանը, Մոլդովան, Ջիբուտին, Լիբիան, Թունիսը եւ Պակիստանը ամենաշատը կտուժեն Ուկրաինայից ցորենի արտահանման խափանումներից, քանի որ նրանց ցորենի ներմուծման մոտ 40 տոկոսը կամ ավելին Ուկրաինային է բաժին ընկնում:
«Այս ներկրողները խնդիրներ կունենան այլընտրանքային աղբյուրներին արագ անցնելու հարցում, ինչը կարող է կարճաժամկետ հեռանկարում առաջարկի դեֆիցիտի հանգեցնել»,- հայտարարել են ՀԲ-ում:
Հացահատիկի մատակարարման հետ կապված իրավիճակը վատթարացել է Ռուսաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ցորենի եւ հացահատիկային այլ մշակաբույսերի արտահանման սահմանափակումների պատճառով։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2018թ․ Ռուսաստանը ցորենի խոշորագույն արտահանողն է եղել, իսկ Ուկրաինան՝ հինգերորդը։ Երկու երկրներին միասին բաժին է ընկնում համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։
Զեկույցում ասվում է, որ բացի Ուկրաինայից հացահատիկի խոշորագույն սպառողներին մատակարարումների ուղղակի դեֆիցիտից, ցորենի շուկայական գների բարձրացումը կազդի աշխարհի միջին եկամուտ ունեցող երկրների վրա:
Հացահատիկի գների ինդեքսը, ըստ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, փետրվարին աճել է 14,8 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ Համաշխարհային բանկը հայտարարել է, որ ցորենի ֆյուչերսների գները հակամարտության սկզբից 60 տոկոսով են աճել:
«Ավելին, ցորենի արտահանման խափանումները կազդեն ցորենին փոխարինող եգիպտացորենի եւ բրնձի շուկաների վրա, ինչը օգուտ կբերի նետտո-արտահանողներին եւ վնաս կհասցնի այդ ապրանքների նետտո-ներմուծողներին»,- հավելել է բանկը:
Համաշխարհային բանկը նշել է, որ խափանումները կարող են խանգարել նաեւ 2021թ․ համաշխարհային առեւտրի զգալի վերականգնմանը, քանի որ ապրանքների եւ ծառայությունների առեւտուրն այժմ գերազանցում է մինչհամավարակային մակարդակը:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ առեւտրի ընդհանուր ծավալը 2021թ․ աճել է 26 տոկոսով՝ 2020թ․ մակարդակի համեմատ, եւ 17 տոկոսով՝ 2019թ․ մակարդակի համեմատ, ընդ որում առեւտրի ծավալը 2019թ․ մակարդակը գերազանցել է բոլոր տարածաշրջաններում։ Բացառություն են կազմում տրանսպորտային սարքավորումները:









