Օրերս հայտնի դարձավ,
որ կառավարությունը հերթական վարկն է վերցրել Համաշխարհային բանկից՝ պետական հատվածի
արդիականացման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Ըստ տարածված հիմնավորման՝ այդ գումարով
Կառավարությունը նախատեսել է բարելավել պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման
մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման որակը, ինչպես նաև արդիականացնել
էլեկտրոնային կառավարման համակարգերը։
Փաստացի, ստացվում է, որ ներկայումս
գոյություն ունեցող 9 միլիարդի սահմանը հատած արտաքին պարտքին Կառավարությունն ավելացրեց
ևս 30 մլն ԱՄՆ դոլարով, և ՀՀ և ՎԶՄԲ միջև վարկային այս համաձայնագրով Հայաստանի համար
նախատեսվում են ֆինանսական հետևյալ պարտավորությունները։ Նշվում է, որ վարկի մարման
ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը`
բազիսային դրույքաչափ + լողացող սպրեդ:
Վարկի չմասհանված գումարի
նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով, համաձայնագրի
ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման
հետ միաժամանակ: Նախատեսվում է նաև միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով,
որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում:
Արթուր Սարգսյան









