Երեկ պաշտնանկություններ
եղան ՀՀ ՊՆ-ում։ Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի պարտականությունները կատարող
Ալեն Սիմոնյանի ստորագրությամբ աշխատանքից ազատվեց Հայաստանի Հանրապետության զինված
ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի Արմեն Հարությունյանը: Մեկ
այլ հրամանագրով էլ ազատվեց Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ- Անդրանիկ Մակարյանը։ Պաշտոնից
ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման
վարչության պետ Արթուր Պողոսյանը։ Փաշինյանի առաջաջարկով Արմեն Առուշանյանն էլ
ազատվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության
պետի պաշտոնից: Եվ իհարկե՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ ՊՆ-ում պաշտոնանկ եղած բոլոր բարձրաստիճան սպաներն
անցայլ տարի ստորագրել էին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ։ Զինվորականները
պահանջում էին վարչապետի հրաժարականը, ինչը Փաշինյանի որակեց «ռազմական հեղաշրջման
փորձ»։
Երեկ պաշտպանության
նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում էր ՌԴ-ում, իսկ վարչապետ Փաշինյանը՝
Ղազախստանում։ Տարածաշրջանի և, ինչու չէ, նաև տեղական լրատվամիջոցների ուշադրության
կենտրոնում ռուս-ուկրանիական բախումներն էին, քաղաքագետներն էլ զբաղված էին դրանց վերլուծությամբ
և տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցության գնահատմամբ։ Եվ հենց այդ օրն իշխանությունն
ընտրեց պաշտոնանկություններ և վերադասավորություններ անելու համար։ Հետո էլ հնչեց թեզ՝ թե բանակում բարեփոխումներ են։ Նման բարեփոխումներ բանակում արդեն մի քանի անգամ արվել են՝ հեղափոխությունից հետո,
44 օրյա պատերազմից հետո, «ռազմական հեղաշրջում» հայտարարելուց հետո և այլն։ Ի՞նչ արդյունք ունենք հիմա։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը
Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ իր
կարծիքով այս փոփոխություններն ունեն ներքաղաքական բաղադրիչ։ «Վերջանականպես վերացվում
է այսպես կոչված զինվորական ընդդիմությունը։ Դրանք այն մարդիկ էին, ովքեր նախորդ տարի
ստորագրել էին ԳՇ-ի տարածած հայտնի հայտարարության տակ։ Կա նաև Արտակ Դավթյանի գործոնը,
որի նկատմամբ քրեական գործ է քննվում՝ բավականին ծանր հոդվածով։ Կարծում եմ, նպատակահարմար
գտան, որ այդ հոդվածով մեղադրվող անձը չլինի բանակի ղեկավար։ Թե ի՞նչ ազդեցություն կունենա
դա բանակի վրա՝ դժվար է ասել, բայց, կարծում եմ, այս անձերով չի որոշվում, քաղաքական
ղեկավարությունը կորոշի, թե մենք ինչ տեխնիկական միջոցներ պետք է ունենանք»,- նշեց Հակոբյանը
և հավելեց, որ կանխատեսումներ չի անի, միչև չիմանա, թե ովքեր են փոխարինելու նշված
պաշտոնյաներին։ Ասում է՝ քիչ մարդ կա, որ իրավականապես և փորձառությամբ հավակնում է գլխավոր շտաբի պետի պաշտոնին։ Փորձագետն
ընդունում է, որ փոփոխությունների պահն իրապես անհարմար էր ընտրված, բայց երևի թե այն
կապված է նաև տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների հետ և համաձայնեցված էր
ռուսական կողմի հետ։









