Փետրվարի
22-ին Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները,
իսկ հաջորդ օրը Պուտինը և Ալիևը ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը:
43 կետից կազմված հռչակագիրը
ստորագրվել էր ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի
կապակցությամբ, որով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը հավասարեցվեց
հայ-ռուսական հարաբերությունների ներկայումս միայն թղթի վրա գրվող դաշնակցային հարաբերությունների
բնույթին:
Պուտինը այդ առիթով նշել
է. «Այս փաստաթուղթը կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման
նոր փուլ, և դա, անշուշտ, հնարավոր դարձավ ղարաբաղյան կարգավորման ձեռքբերումից հետո,
դեռ ամբողջությամբ լուծված չէ, բայց առաջընթաց կա դրա լուծման հարցում»: Իսկ ըստ Ալիևի՝ այս այցը
կմնա Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների պատմության մեջ:
Չնայած այն փաստին, որ
թեման բավական շատ շահարկվեց տարբեր փորձագետների ու վերլուծաբանների կողմից, սակայն
մեծ հաշվով դժվար է ասել, թե այս հռչակագիրն ինչով է տարբերվում 2008 թվականին ստորագրված
ռուս-ադրբեջանական համաձայնագրից, որում գրված են այն բոլոր հիմնարար հարցերը, որոնք
ներառված են այս հռչակագրում: Ինչպես օրերս ստորագրված փաստաթղթում, այնպես էլ նախորդում,
խոսքը ռազմական փոխօգնության, տնտեսական համագործակցության և մյուս բոլոր հարցերի մասին
է: Նոր տարբերակում կա մի ակնառու կետ, խոսքն այն մասին է, որ կողմերը պետք է ունենան
քաղաքական մոտ պատկերացումներ, մոտ քաղաքական դիրքորոշումներ որոշ հարցերի վերաբերյալ:
Ըստ էության, դա ներկայիս աշխարհաքաղաքական
պայմաններում ուշագրավ կետ է, որը ցույց է տալիս այս միջոցառման մոտիվներից մեկը՝ Թուրքիայի
սառը վերաբերմունքը ռուսական նախաձեռնությունների նկատմամբ: Փաստացի, Մոսկվան տեսել է հնարավորություն՝
ավելի հատուկ հարաբերություններ կազմել Ադրբեջանի հետ, գտնել մի անցք Բաքվի և Անկարայի
միջև, որը Մոսկվայի համար կարևոր է, ի դեպ՝ այդ անցքը միշտ է եղել, պարզապես Ադրբեջանը
հիմա կոնկրետ զգում է ռիսկերը և ըստ այդմ համաձայնվում Մոսկվայի առաջարկին:
Պատերազմից և պարտությունից հետո տարածաշրջանային դասավորվածությունները փոխվել են, և դրանք թույլ են տվել
Մոսկվային հասնել նրան, ինչը միշտ ցանկացել է՝ դառնալ մենաշնորհ ունեցող երկիր, մեծ
փաթեթ ձեռքում՝ Հայաստանի հարավային սահմանների շուրջ գտնվող հատվածում: Ըստ էության, ռուսական կողմին սա միշտ
է հետաքրքիր եղել, Մոսկվան համբերատար սպասել է։
Ակնհայտ է, որ ներկայումս
ՌԴ հետ հարաբերություներում ՀՀ իշխանությունները սեփական գոյատևման քաղաքականություն
են վարում։ Ինչ վերաբերվում է առաջիկայում սպասվող Նիկոլ Փաշինյանի այցին Մոսկվա, այն
ակնհայտ ձևական ու արարողակարգային բնույթ կրող մի իրադարձություն է, քանի որ փաստ է,
որ այն ինչ Մոսկվան ցանկանում է Հայաստանից ստանալ, ստանում է այլ խողովակներով, առանց
անձնազրույցներ, հանդիպումներ կազմակերպելու: Ըստ էության, Փաշինյանի հետ հանդիպումը
լինելու է որոշակի պայմանավորվածությունների ամրագրում, և պարզապես Ալիևի հետ նման
արարողությունից հետո չի կարող Փաշինյանի հետ ինչ-որ սիմետրիկ բան չանել։
Արմեն Հովասափյան









