Հավանաբար հիշում եք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ խոստանալով թեթևացնել պետության ֆինանսական բեռը։ Բայց տեսնում ենք, որ անում է փաստացի հակառակը՝ պետության բեռը գնալով ծանրանում է։ Խոսքն այս դեպքում ամենևին էլ պարտքերի ավելացման մասին չէ։ Չնայած այս ընթացքում պետական պարտքերը համալրվել են ևս մի քանի միլիարդ դոլարով և հիմա արդեն շարժվում են դեպի 10 միլիարդի շեմը։
Ըստ էության՝ պետության բեռը ծանրացել է ոչ միայն պարտքերի, այլև պետության վրա նստած տարատեսակ կառույցների ու դրանցում զբաղվածների ավելացման հետևանքով։ Դրանք սնվում են պետբյուջեից ու բավական լուրջ միջոցներ են տանում։
Ինչ է ստացվում՝ մի կողմից կառավարությունը փող չունի՝ դրսից պարտք է վերցնում ինչ-ինչ ծախսեր անելու համար, մյուս կողմից՝ ուռճացնում է պետական կառավարման համակարգը ու դրա վրա հսկայական միջոցներ ծախսում։ Ամենաթարմ տվյալներով, այսօր Հայաստանում կա պետության վրա նստած 4115 կառույց։ Վերջին 1 տարվա ընթացքում դրանց թիվն ավելացել է ևս 18-ով։ Եթե 2020թ. սեպտեմբերին Հայաստանում կար 50-249 աշխատող ունեցող 805 պետական հիմնարկ, ապա 2021թ. դրանց թիվը հասել է 820-ի։ Նշենք, որ ավելացել է նաև այն պետական հիմնարկների քանակը, որոնք ունեն 250-ից ավելի աշխատող։ Վերջին տվյալներով, կա այդպիսի 99 կազմակերպություն, 4-ով ավելի, քան 2020թ. էր։ Այդ կազմակերպություններում զբաղված են բավական մեծ թվով մարդիկ՝ ավելի քան 71 հազար, ևս 69,5 հազար մարդ զբաղված է 50-249 աշխատող ունեցող 820 պետական հիմնարկներում։ Փաստենք, որ երկու դեպքում էլ ունենք աշխատակազմերի համալրում, ընդհանուր առմամբ՝ 4353-ով։
Հատկանշական է, որ հիմնական մասն ավելացել է այն պետական հիմնարկներում, որոնք ունեն 250-ից ավելի աշխատող։ Այդ կարգի պետական կառույցների աշխատակազմերը վերջին 1 տարում համալրվել են լրացուցիչ ևս 4 հազարից ավելի աշխատողներով։ Թեև պետական համակարգում գործող կառույցների հաշվին պետության բեռի ավելացումը միայն դրանով չի սահմանափակվել։ 2021թ. ակնհայտ է պետական հատվածում զբաղվածների թվի անհասկանալի բարձր աճը։ Մեզ ժամանակին խոստացել էին կրճատել պետության վրա նստած «շարիկ գլորողների» ու խաչբառ գրողների քանակը, իսկ հիմա տեսնում ենք, որ հակառակն է եղել՝ պետական համակարգը մի բան էլ համալրվել է նոր «շարիկ գլորողներով»։
Ստացվում է, որ երկու տարում այս իշխանությունները պետությանը ծանրաբեռնել են ևս 10 հազար նոր աշխատողներով։ Գուցե լավ է, որ զբաղվածների քանակն ավելացել է, մարդիկ աշխատանք և եկամուտ ստանալու հնարավորություն են ձեռք բերել, բայց ո՞ւմ հաշվին։ Պետական հատվածում աշխատանքի բարելավում չի երևում։ Ընդհակառակը՝ բազմաթիվ կառույցներ մատնված են անգործության կամ չեն կարողանում կատարել այն դերը, ինչի համար ստեղծված են։ Ու այդքանից հետո ունենք պետության վրա նստածների քանակի այսպիսի ավելացում։
Զավեշտալին այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանության չէր, փայլուն տեսնում էր պետական համակարգի «թերությունները», խոստանում էր կրճատել ու օպտիմալացնել, թեթևացնել պետության բեռը, բայց այսօր ունենք համակարգ, որի ծանրությունը պետության վրա մի բան էլ ավելացել է ու շարունակում է ավելանալ։ Օրվա իշխանությունները շատ վաղուց արդեն մոռացել են պետական կառավարման ապարատը ոչ միայն թեթևացնելու մասին, այլև պարբերաբար նոր կառույցներ են ստեղծում ու ավելացնում համակարգի աշխատողների քանակը։ Պետությունը փող չունի բազմաթիվ կարևոր խնդիրներ լուծելու համար, բայց միլիարդներ է ծախսում պետական հսկայական ապարատը պահելու վրա։
Արթուր Սարգսյան