Foto

Արա Աբրամյանն ազդարարել է «Արարատյան ալյանս ինստիտուտ» համախմբող պլատֆորմի ստեղծման մասին

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանն ազդարարել է «Արարատյան ալյանս ինստիտուտ» համախմբող պլատֆորմի ստեղծման մասին և մեր հայրենակիցներին կոչ է արել անտարբերություն չլինել:

Արա Աբրամյանի կարծիքով՝ այդ հարթակի գործունեության նպատակը հայության, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների ներուժի միավորումն է, հանուն  մեր երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության մրցունակության բարելավման, ազգային արժեքների պահպանման և զարգացման:

Արա Աբրամյանը նշել է, որ կառույցի գաղափարն իրենն է և աշխարհի տարբեր երկրներում իր այն համախոհներինը, ովքեր սիրում են Հայաստանը և պատրաստ են գործադրել իրենց փորձն ու գիտելիքները՝ հանուն մեր երկրի զարգացման և հեղինակության վերականգնման: «Արարատյան ալյանս ինստիտուտի» կազմկոմիտեն ղեկավարում է հայտնի տնտեսագետ Թաթուլ Մասերյանը:

«Ես կոչ եմ անում բոլոր հայերին՝ միավորվել «Արարատյան ալյանսի» շուրջը: Մենք աշխատանքներում ներգրավել ենք տարբեր մասնագիտությունների և ազգությունների ներկայացուցիչների և բաց ենք համագործակցությա համար՝ առանց «սևերի» և «սպիտակների» տրոհման: Յուրաքանչյուրը կարող է ներդրում ունենալ՝ փորձագետը, ուսանող-կամավորականը, նախկին նախագահները, որպես պատական աշխատանքի փորձ ունեցողներ:  Ոմանք ասում են, թե չեն ցանկանում խառնվել այսօրվա իրավիճակին, թեև նրանց դուր չի գալիս այն, ինչ հիմա կատարվում է: Դա անմտություն է: Խառնվե՛ք, մի՛ քաշվեք մի կողմ: Դա հարկավոր է ոչ միայն մեզ, այլև մեր զավակներին և թոռներին, որպեսզի նրանք հպարտանան մեզանով, այլ ոչ թե անիծեն մեզ»,-ասել է Արա Աբրամյանը:


Ալյանս