Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Միրաշրաֆին Հայաստան է եկել աշխատանքային այցով։
Բադասյանն ու իրանցի պաշտոնյան շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Իրանի մաքսային ծառայության ղեկավարին ներկայացվել են սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:Բադասյանն ու Միրաշրաֆին անդրադարձել են մաքսային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, բեռնափոխադրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին:Կողմերը քննարկել են տեղեկատվության նախնական փոխանակման հնարավորությունները, մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մեխանիզմները, ինչպես նաև փաստել են Նորդուզի և Մեղրիի սահմանային անցակետերի ղեկավարների անմիջական շփումներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Երևանում նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի առանձնազրույցը: