Նախօրեին հայտնի դարձավ,
որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է վարչապետի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանին։ Առաջին հայացքից սա կարող է Կառավարության
հերթական որոշումը դիտարկվել և թվում է, թե
ոչ մի արտասովոր բան չկա տեղի ունեցածի մեջ, առավել ևս՝ որևէ ինտրիգային բան։ Նշենք,
որ Թաշչյանի անունը հանրությանը հայտնի դարձավ բոլորովին վերջերս, երբ հերթական անգամ
Փաշինյանն իրեն բնորոշ ցինիկ ելույթն ունեցավ խորհրդարանում։
Ըստ օդում կախված լուրեի՝
Թաշչյանը հանդիսանում է այն անձը, ով Արթուր Վանեցյանից հետո Ադրբեջանի հետ խորհրդապահական
բանակցությունների մեջ է եղել: Նոյեմբերի 25-ին Վանեցյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների
թեմային, ասել էր, որ իրենից բացի՝ եղել է ևս մեկ պաշտոնյա, որը մասնակցել է Ադրբեջանի
հետ գաղտնի բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Ի
դեպ հավելենք, որ Վանեցյանը չէր նշել պաշտոնյայի կոնկրետ անուն:
Այս հայտարարությունից
ժամեր անց տարբեր լրատվականներով արտահոսքեր եղան այն մասին, որ Վանեցյանի շեշտած այդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն
է: Նա, ըստ այդ հրապարակումների, WhatsUp ցանցով
կապի մեջ է եղել Ադրբեջանի նախագահական
աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ, ով Ադրբեջանում
առանցքային պաշտոնյա է և Իլհամ Ալիևի աջ ձեռքն
է համարվում: Ընդգծենք, որ Թաշչյանի մասով շրջանառվող տեղեկատվությունը գործադիրից ոչ հերքել են, ոչ հաստատել:
Անկասկած հետաքրքիր է,
թե կոնկրետ ի՞նչ բնույթի, առավել ևս՝ բովանդակության բանակցություններ է վարել Թաշչյանը Հաջիևի հետ: Կարելի
է միայն ենթադրել, քանի որ այդ մասին որևէ տեղեկատվություն ոչ մամուլում, ոչ որևէ այլ
աղբյուրում չկա: Սակայն ակնհայտ է, որ Վանեցյանի
բացահայտումն ու հետագա արտահոսքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին, վերջինս
էլ, անմիջապես այս բացահայտումից հետո, աշխատանքից ազատել է փորձառու դիվանագետին։ Կարող ենք տրամաբանել, որ Նիկոլն, ամենայն
հավանականությամբ, իր այս քայլով փորձել է պահել Ադրբեջանի հետ խորհրդապահական գործընթացի
լիարժեք գաղտնիությունը:
Գրեթե կասկածից վեր է,
որ փորձառու դիվանագետ Թաշչյանը, որին հենց Փաշինյանն էր իր օգնականի, այնուհետև՝ իր աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի
պաշտոններում նշանակել, դժվար թե որևէ ինքնագործունեություն ծավալեր: Քիչ չեն քաղաքական
գործիչներն ու քաղաքագետները, որոնք երբեմն նկատում են և պնդում, որ հայ-ադրբեջանական զարգացումներից նկատելի է՝ կա գաղտնի գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների
միջև:
Արթուր Սարգսյան