Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ջանք չեն խնայում, որպեսզի Արմավիրի մարզի երթուղային ցանցերից մեկը տրամադրեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա մտերիմին՝ քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանին («Նորագյուղցի Բոգո»)։ Այդ նպատակով մրցույթ են հայտարարել, փոփոխել դրա պայմանները, որպեսզի Ալեքսանյանի և Կոստանյանի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն հաղթող ճանաչվի։ Տեսնելով, որ նրանց ընկերության մրցակիցը կարող է հաղթող ճանաչվել՝ նախարարությունը ձևական խախտում է արձանագրել մյուս մասնակցի փաստաթղթերում և չեղարկել մրցույթը։
Այսպես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին մրցույթ է հայտարարել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար։ Մրցույթի հաղթողը 14 ուղղությամբ պետք է սպասարկի բնակչությանը։ Ուղղություններից մեկը Երևան-Արմավիր երթուղին է, մյուսները Արմավիր քաղաքից հարակից գյուղեր և հակառակ ուղղությամբ են։
Մրցույթի հայտարարության մեջ նշվել են պայմանները։ Դրանցից գլխավորն այն է, որ մրցույթին դիմողները պետք է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուս ներկայացնեն՝ բացառությամբ Արմավիր-Երևան երթուղուց։ Արմավիր-Երևան երթուղու համար պետք է ավտոբուսները 21-ից 30 նստատեղ ունենան։ Այսինքն՝ նստատեղերի նվազագույն շեմ է նշվել։
Մրցույթի մասին հայտարարությունից մոտ 10 օր անց նախարարությունը հանել է Արմավիր-Երևանի համար սահմանված առնվազն 21 նստատեղի պահանջը։
Դա ըստ Շուշանիկ Խաչատրյանի՝ պայմանավորված է նրանով, որ իր մրցակից «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն արդեն Հայաստան էր ներմուծել միկրոավտոբուսներ, որոնք չէին կարող բավարարել այդ պայմանին։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մրցույթի մասնակիցը դեռ չգիտի հաղթելու է, թե ոչ, բայց ներմուծում է մեքենաները։ Կարելի է ենթադրել, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն վստահ է եղել, որ հաղթելու է և ֆինանսական միջոցներ է հատկացրել, գնել և Երևան է տեղափոխել միկրոավտոբուսները։
Նախարարության պաշտոնական կայքում չգտանք առաջին հայտարարությունը, որը մեզ տրամադրեց Շուշանիկ Խաչատրյանը։ Ի տարբերություն նախարարության կայքում տեղադրված փաստաթղթի՝ սկզբնական տարբերակում եղել է «21-ից 30» նստատեղի պայմանը։ Ի դեպ, նման էական նշանակություն ունեցող պայմաններ նախարարությունը իրավունք չի ունեցել փոփոխելու։
Բացի դրանից, պայման է եղել, որ ընկերությունները պետք է պետական դեպոզիտ հաշվին վճարեն երթուղին շահագործելու թույլտվությունը ստանալուց հետո ներդրվող ավտոբուսների գնի 1 տոկոսի չափով գումար։ Այդ պայմանին կանդրադառնանք ստորև։
Այդուհանդերձ մրցույթին դիմում են և՛ Շուշանիկ Կարապաետյանի ղեկավարած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, և՛ Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Կոստանյանի հետ փոխկապակցված «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն։ Փոխնախարար, մրցութային հանձնաժողովի նախագահ Արմեն Սիմոնյան
Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ մասնակիցները հայտերը նախարարություն պետք է ներկայացնեին մինչև նոյեմբերի 2-ը։ Փաթեթները պետք է բացվեին նոյեմբերի 5-ին, իսկ մրցույթի արդյունքները պետք է գնահատվեին նոյեմբերի 9-ին։ Երկու ՍՊԸ-ն սահմանված ժամկետում ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Փաթեթները բացվել են, մրցութային հանձնաժողովը ոչ մի խնդիր չի տեսել փաստաթղթերում։ Իսկ երբ եկել է նոյեմբերի 9-ը, հանձնաժողովը եզրահանգել է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի փաստաթղթերում խնդիր կա և չեղարկել է մրցույթը։ Բանն այն է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն վճարել է ներդրվող ավտոբուսների գնի 1 տոկոսի չափով դեպոզիտ գումարը, բայց հանձնաժողովը, փոխնախարար Արմեն Սիմոնյանի նախագահությամբ, գտել է, որ վճարում կատարողը ՍՊԸ-ի բաժնետերն է, այլ ոչ թե հենց ՍՊԸ-ն։ Այսինքն՝ դեպոզիտ հաշվին կատարվել է վճարում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր, 50 տոկոս բաժնեմաս ունեցողի կողմից։ Սակայն «Վճարման նպատակը» բաժնում նշվել է, թե ինչ նպատակով է փոխանցվել գումարը։
Մրցութային հանձնաժողովը, հակառակ մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշման, փաստաթղթերը դիտարկելիս չի ասել, որ վճարումը պետք է կատարվի հենց ընկերության անունից, այլ ոչ թե ընկերության բաժնետիրոջ։ Կառավարության՝ այդ որոշման 33-րդ կետում սահմանված է․ «Փաթեթներում թերություններ լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կազմակերպություններին վերացնել թերությունները»: ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի նախագահությամբ մրցութային հանձնաժողովը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը ժամանակին չի ասել, որ վճարումը պետք է անել ոչ թե ՍՊԸ-ի բաժնետիրոջ անունից, այլ հենց ընկերության։
Ի տարբերություն «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի փաստաթղթերի՝ մրցութային հանձնաժողովը էական խնդիր է գտել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի փաստաթղթերում։ Ընկերությունը չի պահպանել Կառավարության նույն որոշման 14.1 կետի պահանջը։ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած մեքենաների10 տոկոսը չի համապաստախանել հաշմանդամություն ունեցող անձանց համար ԳՕՍՏ 30478-96 ստանդարտին։ Պարզ ասած՝ հաշմանդամություն ունեցողների համար հարմարեցված չի եղել։ Մրցութային հանձնաժողովն այս մասին արձանագրություն է կազմել, ներկայացրել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը, հասկանալով, որ մրցույթն արդեն իսկ կանխակալ է, մրցույթի պայմանները փոփոխվում են հօգուտ մրցակցի, ահազանգում է այդ մասին։ Գրավոր նամակներ է հղում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ակնկալելով, որ նրանք իրենց հսկողության տակ կվերցնեն մրցույթի ընթացքը և կկանխեն ապօրինությունները։ Սակայն ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 19-ին հրաման է ստորագրել մրցույթը չեղարկելու մասին։
Շուշանիկ Խաչատրյանը գտնում է, որ մրցույթում պարզապես պետք է իր կազմակերպությունը հաղթող ճանաչվեր և ավարտվեր ամեն բան, բայց նախարարությունը ձևական խախտում է հայտնաբերել իր փաստաթղթերում, որի մասին նախապես չի ասել՝ զրկելուվ խախտումը վերացնելու հնարավորությունից։ Այդ խախտումը 1 ժամվա մեջ հնարավոր էր վերացնել և ըստ Խաչատրյանի՝ մրցութային հանձնաժողովը դա էլ միտումնավոր է արել, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն բարենպաստ իրավիճակում հայտնվի։ Բանն այն է, որ մրցութային հանձնաժողովը, երթուղային ցանցի գների մասին փակ ծրարը բացելով, մրցակցին՝ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ին, հնարավորություն է տվել ծանոթանալ «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի առաջարկած գներին, որն անհամեմատ ցածր է եղել։ Միայն Արմավիր-Երևան երթուղու համար «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ն 20%-ով ցածր գին է առաջարկած եղել։ Ավելին, Շուշանիկ Խաչատրյանի համոզմամբ, մրցութային հանձնաժողովը պետք է ընդհանրապես վերադարձներ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի հայտը, քանի որ միկրոավտոբուսներով ցանկացել են մասնակցել ավտոբուսային երթուղու համար հայտարարված մրցույթին։ Գալակտիկա տրանս սերվից» ՍՊԸ-ի ներկայացրած ավտոբուսը«Գալակտիկա տրանս սերվից» ՍՊԸ-ի ներկայացրած ավտոբուսըՇուշանիկ Խաչատրյանը նշում է նաև, որ մրցույթում իր ընկերության ներկայացրած ավտոբուսներն անհամեմատ բարձրակարգ են եղել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած միկրովատոբուսներից։ Ի տարբերություն իր մրցակցի 15+1 նստատեղերով միկրոավտոբուսների՝ «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ն ներկայացրել է «Եվրո 5» կարգի 8.8 մետրանոց և 7.6 մետրանոց ավտոբուսներ, որոնցից առաջինը 30 նստատեղ ունի (կանգնած ուղևորներով՝ մինչ 59 տեղ), իսկ երկրորդը՝ 25 նստատեղ (կանգնած ուղևորներով՝ մինչ 53 տեղ): Խոսելով «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի միկրոավտոբուսների մասին՝ Շուշանիկ Խաչատրյանը ցույց է տալիս դրանց վրա նշված առանց համապատասխան ստանդարտների թեքահարթակի նմանվող հարմարությունը, որից պետք է օգտվեն անվասայլաների վրա գտնվող ուղևորները։ Ցույց տալով մրցակցի միկրոավտոբուսի սրահը՝ Խաչատրյանը պնդեց, որ անհնար է ներսում անվասայլակի համար տեղ գտնել, քանի որ միկրոավտոբուսի սրահի տարածքը դա թույլ չի տալիս։
«Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի միկրոավտոբուսի թեքահարթակը
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՏԿԵ նախարարության մրցութային հանձնաժողովի խախտումները վերացնելու և իր ընկերությանը հաղթող ճանաչելու պահանջով դիմել է դատարան, պատրաստվում է նաև հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Մինչ Շուշանիկ Խաչատրյանը փորձում է իր իրավունքները վերականգնել, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի համար նոր մրցույթ է հայտարարել։
Նշենք, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թվականի հունիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Քաջիկ Գևորգյանի և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի 84% բաժնետեր Էդգար Անտոնյանի կողմից։ Էդգար Անտոնյանը և Քաջիկ Գևորգյանն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ում ունեցել են հավասարաչափ՝ 50% բաժնեմաս։ Հուլիսի 28-ին Նահապետ Գևորգյանի որդին դուրս է եկել ընկերությունից, նրան փոխարինել է Կենտրոնական ավտոկայանի հարակից տարածքում բազմաթիվ ապօրինի շինություններ կառուցած Հովհաննես Սիմոնյանը։ Սիմոնյանը քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի (հայտնի է Նորագյուղցի Բոգո անվամբ) մտերիմն է, իսկ Կոստանյանը Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։