Արթուր Սարգսյանին առանց պաշտպանի, առանց դատախազի մասնակցության կալանավորելը պարզ է չէ՞՝ ինչով էր պայմանավորված, որովհետև Սիսիանում ունեցանք լարվածություն, ունեցանք դիրքերի զիջում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Պատգամավորի կարծիքով Արթուր Սարգսյանի հեղինակությունն իշխանությունների համար խնդիր է առաջացնում։
Անդրադառնալով ԱԺ նիստի աշխատանքներին ընդդիմադիր խմբակցությունների բացակայությանը՝ Արամ Վարդևանյանն ասաց, որ նման օրակարգով քննարկմանը մասնակցելով՝ իրենք ևս կհայտնվեին այն աբսուրդային իրավիճակում, որում իշխանություններն են։
«Առաջարկել էինք, որ ռազմագերիների հարցը քննարկվեր դռնբաց, որովհետև այս հարցի շահառուները ցանկություն ունեն այս հարցը լսել, քանի որ նրանք պատասխաններ են ուզում ստանալ։ Մենք մի անգամ փակ քննարկման փորձ ունեցանք։ Ինչ հարց տալիս էինք, ասում էին՝ մենք պատասխանը չենք կարող տալ։ Պատկերացնու՞մ եք՝ ինչի համար պետք է փակ լինի։ Եթե նիստը փակ լինի, բայց շահառուները ներկա լինեն, տրամաբանությունը կհասկանամ, բայց հիմա փակ ձևով քննարկման ժամանակ այդ մարդիկ իրենց հարցերի պատասխաններն ինչպե՞ս են ստանալու»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Վերջինս նկատեց՝ այս խնդրով արդեն մեկ տարի է, ինչ փակ քննարկումներ են և տեսնում ենք, որ խնդիրը չի լուծվում։ Պատգամավորը չի կարծում, թե փակ քննարկումը որևէ արդյունավետություն կունենա։ Վարդևանյանը նշում է, որ որպես կանոն հարցի բարձրաձայնումը դրական էֆեկտ է ունենում։