Foto

Ալիևը խոսեց պատերազմում, իսկ Փաշինյանը՝ ընտրություններում տարած հաղթանակի մասին

ԱՊՀ երկրների գագաթնաժողովում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցան: Հիմա փորձենք ներկայացնել դրանց համեմատական վերլուծությունը:

Ալիևը Արցախի և մինչև 2020թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը հայերիս կողմից ազատագրված 5 շրջանների տարածքները հայտարարեց հայ-իրանական նարկոթրաֆիքի գոտի և նշեց, որ այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո իրանաադրբեջանական սահմանին նարկոթրաֆիքի հայտնաբերման ծավալներն աճել են 2 անգամ: Եթե կարծում եք, թե Նիկոլ Փաշինյանը ընդդիմացավ ու հերքեց, որ Հայաստանն ու Արցախը եղել են Իրանից դեպի Եվրոպա նարկոթրաֆիքի ճանապարհ, սխալվում եք: Ընդհակառակը, իր հերթին նշեց, որ Իրանից Հայաստան թմրանյութերի տեղափոխման կանխման դեպքերն ու դրանց ծավալները մեծացել են 3, 4, նույնիսկ 5 անգամ: Այսինքն անուղղակիորեն հաստատեց Ալիևի այն մտացածին թեզը, թե Իրանը հանդիսանում է դեպի Եվրոպա Հայաստանի և Արցախի տարածքով թմրանյութերի մատակարար՝ դրանով ոչ միայն մեղադրանքների սլաքն ուղղելով դեպի մեր բարեկամ Իրանը, այլև պատասխանատվություն վերցնելով եվրոպական երկրներում հայտնված թմրանյութի յուրաքանչյուր գրամի համար:

Ալիևը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ներկայացրեց որպես ռազմական հանցագործ, իսկ Փաշինյանն ընդամենը մտահոգություն հայտնեց, որ նրանց չվերադարձնելը կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացի նկատմամբ վստահությունը: Կարծես թե իր գիտությամբ ու համաձայնությամբ չեն շիրակցի կամավորականները հայտնվել այդ տարածքում և ինքն այդ մարդկանց ճակատագրի նկատմամբ ոչ մի պատասխանատվություն չունի: Փաշինյանը ենթագիտակցորեն խոստովանեց, որ հայ ռազմագերիներն իր համար բացառապես առևտրի առարկա են ներքաղաքական մանիպուլյացիաներում և իր «կիրթ» բարեկամի հետ հարաբերություններում:

Ալիևը ոչ միայն շնորհակալություն չհայտնեց Նիկոլի կողմից իրեն նվիրված ականապատ տարածքների քարտեզների համար, այլև դժգոհեց դրանց ճշգրտությունից: Փոխարենը Փաշինյանը կարծիք հայտնեց, թե վատ չէ, որ Բաքվի «Հաղթանակի պուրակից» հայ զինվորների մանեկենները և սաղավարտները հանվել են: Նա ակնհայտորեն թերագնահատում է Ալիևի «դաստիարակությունը» և չի հասկանում, որ, բոլոր քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանի բռնապետիկը ոչ միայն այդ սաղավարտները վերադարձնելու է նախկին տեղը, այլև, հնարավորության դեպքում, նորերն է ավելացնելու: Իսկ քարտեզներն այլևս հետ չես բերի:

Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի խնդիրն իր համար անցյալում է և դրան ինքը հասել է ռազմական ճանապարհով՝ ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունների: Նա խոսում է սահմանազատման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին և հայտարարում է, որ միայն այդ դեպքում կգնա խաղաղության պայմանագրի կնքմանը: Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը: Նա իհարկե չի բողոքում, որ Հայաստանի սուվերեն տարածքում արդեն մի քանի ամիս ադրբեջանական զորքեր կան, որ նրանք խոչնդոտում են միջպետական և միջմարզային հաղորդակցությունը: Փոխարենը հարմար դիրքավորվում է Ալիևի առաջ և հայտարարում, որ պատրաստ է դա անել նախկին սովետական քարտեզներով, պատրաստ է ճանապարհ տալ դեպի Նախիջևան, միայն թե Ադրբեջանը խոստանա, որ կբարեխոսի հայ-թուրքական հաշտեցման համար: Իհարկե՝ ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի մասին:

Ալիևն առանց ձևականությունների Հայաստանին մեղադրեց իբր ադրբեջանից «գրավված» տարածքներում «հայկական օկուպացիայի» 30 տարվա ընթացքում բնակավայրերի, ենթակառուցվածքների, «ադրբեջանցի ժողովրդի» մշակութային ժառանգության վերացման մեջ: Եթե Նիկոլ Փաշինյանը գոնե մի քիչ արժանապատվություն ունենար և տեղեկացված լիներ, գուցե հակադարձեր, որ …

Բայց ի՞նչ արժանապատվություն, երբ թշնամիդ խոսում է պատերազմում քո դեմ տարած հաղթանակի մասին, իսկ դու հպարտանում ես սեփական ժողովրդիդ տեմ ընտրություններում տարած հաղթանակիդ մասին:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան