«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս ԿԳՄՍ նախարարը որոշել էր հակադարձել բոլոր «չար լեզուներին», ովքեր ահազանգեցին, որ Այբբենարանում չկան Մեսրոպ Մաշտոցի նկարը և Հայոց այբուբենի ամբողջական պատկերը: Ժաննա Անդրեասյանը տեսախցիկի առաջ սկսեց թերթել Այբբենարանը, հասավ QR-ին ու ցույց էր տալիս, որ դրանով կարելի է «բացել» Մաշտոցի մասին պատմող տպավորիչ նյութ, այբուբենն էլ նույն կոդի միջոցով հնարավոր է «բացել», երգելով սովորել և այլն:
Այստեղ մի քանի էական դիտողություն է անհրաժեշտ անել:
Առաջինը. նախ` ԿԳՄՍ նախարարի մոտեցմամբ, առաջանում է անբեկանելի հարկադրանք, որ 6-7 տարեկանից երեխաները պարտադիր սմարթֆոն ունենան: Իսկ այդ պարտադրանքը կարող է սոցիալական խնդիրներ հարուցել, մանավանդ մարզերում, գյուղական բնակավայրերում: Մյուս կողմից՝ 6-7 տարեկան երեխաներին սմարթֆոններին վարժեցնելն աբսուրդ է ու վնասակար կարող է լինել առողջական ու հոգեբանական առումներով:
Երկրորդ. ցանկացած նորմալ մանկավարժ կասի, որ տարրական դպրոցում չափազանց կարևոր է տեսողական նյութերի, նկարների, պլակատների միջոցով ուսուցանումը: Ու այդ տեսանկյունից ուղղակի անհրաժեշտություն է, որ թե՛ Հայոց այբուբենի պատկերը, թե՛ այն ստեղծած հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի նկարը լինեն աշակերտի տեսադաշտում:
Ի վերջո, գուցե մի օր էլ ասեք՝ դե, դասագրքերն ինչո՞ւ ենք տպագրում, ահռելի ծախսեր անում: Ամեն աշակերտի ամեն դասագրքի համար մի QR կոդ տվեք, «կբացեն», կնայեն, դասերը կսովորեն: Բյուջետային միջոցների մեծ խնայողություն կլինի:
Եվ ինչո՞ւ միայն դասագրքերը: Ախր, QR կոդով կարելի է փոխարինել բոլոր ուսուցիչներին, և առհասարակ՝ դպրոցներն էլ:
Հա, էլի, ինչ մի թիթիզություն է դպրոց հաճախել, ուսուցիչների պատմածները լսել, եթե կարելի է տանը, բակում, զբոսայգում QR-ը «բացել» ու կարդալ-գրել, գումարել-հանել, քիմիա ու ֆիզիկա սովորել:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա մենք, բնականաբար, չենք բացառում QR կոդերն ու տեխնիկական այլ նորամուծություններ ուսումնառության պրոցեսում օգտագործելու հնարավորությունը կամ անհրաժեշտությունը: Ցանկացած նորարարություն իր որոշակի տեղն ու դերը պիտի ունենա դպրոցում: Իհարկե, QR կոդը վատ բան չէ, նույնիսկ հակառակը, սակայն դա լավ է, եթե կիրառվում է տեղին ու ժամանակին, այլ ոչ թե առաջին դասարանցիների համար ու Մաշտոցին և այբուբենին ծանոթացնելու նպատակով:
Իսկ ընդհանրապես, «նոր չափորոշիչների» հետ կապված՝ բավականին քաոսային վիճակ է դպրոցներում, ներկա պահին՝ հատկապես 9-րդ դասարանի ավարտական քննությունների առնչությամբ: Ի մասնավորի, «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների միասնական էսսե գրելու նոր անհեթեթ պահանջի վերաբերյալ, որից և՛ ուսուցիչներն են շփոթահար վիճակում, և՛ աշակերտները: Ոչ ոք չի հասկանում, թե դա ինչպես է լինելու, ինչպես է համադրվելու: Այսինքն, տարիներ շարունակ մի այլ սկզբունքով ու տրամաբանությամբ են սովորել, ու մեկ էլ կտրուկ փոխվում է ամբողջ տրամաբանությունը: Ու ստացվում է, որ պիտի 1 տարվա մեջ «ռեպետիտորական» մոտեցումներով «վարժեցնեն» քննության, ինչը աբսուրդի ժանրից է: Բայց այդ մասին, ինչպես ասում են, հաջորդ «դասին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 16․ 09․ 25 թ