Foto

Ոչ թե ժողովուրդը՝ այլ իշխանություններն են խուճապի մեջ

Ուղիղ մեկ տարի Հայաստանի ադեկվատ հասարակությունը գոռում-ճչում է, որ հնարավոր նոր պատերազմի դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չլինի: Նա ի վիճակի չէ արագ և համարժեք որոշումներ կայացնել, նա պարտված և կոմպլեքսավորված ղեկավար է: Երեկ դա ապացուցվեց, երբ ադրբեջանցիները զինված հարձակում գործեցին Արցախի պաշտպանական տեղամասերի վրա:

Այն, որ տեղեկատվական ամենաթողություն էր տիրում, արդեն խոսում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության բացակայության մասին: Մինչև պատկան մարմինների պատասխանատու աշխատակիցները փաբերից համակարգիչներին հասան, արդեն ամբողջ տեղեկատվական դաշտը ողողված էր խուճապահար գրառումներով ու հակասական տեղեկություններով: Նույնիսկ այս պահին, երբ կարծես թե ամեն ինչ արդեն պարզ է, Հայաստանի վարչապետի կողմից ոչ մի արձագանք չկա: Տպավորություն է, որ խոսքը Աֆղանստանի կամ Տանզանիայի մասին է:

Կասեք՝ ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը Արցախի սահմանին ծավալվող իրադարձությունների հետ, Արցախը նախագահ էլ ունի, ռուս խաղաղապահներ էլ: Խոշոր հաշվով համաձայն եմ, բայց Փաշինյանը կարծես թե չի չեղարկել «Արցախը Հայաստան է և վերջ» ճղճղոցը, չի հայտարարել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ այլևս: Իրեն ձայն տված «քաղաքացիները» որդիներ ունեն բանակում, հարազատներ ունեն Արցախում: Նրանց ասելու բան չունի՞ Նիկոլ Փաշինյանը:

Միակ արձագանքը, որ իշխանական շրջանակներից եղել է այս ժամերի ընթացքում, խուճապ չտարածելու մասին վախվորած ծմրկտոցներն են: Ի՞նչ խուճապի մասին է խոսքը, այդ ո՞վ խուճապի մեջ ընկավ կամ թե ի՞նչ արեց խուճապից: Բենզի՞նը թանկացավ, թե՞ Վրաստանի ու Իրանի սահմանին փախստականների շարասյուներ կանգնեցին: Իրականում նիկոլական խմբակը ոչ թե խուճապից է վախենում, այլ ժողովրդի իրական ցասումից, որովհետև ժողովուրդն արդեն գիտի, թե հնարավոր պատերազմի դեպքում առաջինը ո՞ր թշնամուց պետք է ազատվի: Նրանք հասկանում են, որ Մուկուչյանի նկարած թվերը հեռու են «լիակատար վստահություն» կոչվելուց: Նույնիսկ իրենց ընտրողների ճնշող մեծամասնությունը հասկացավ, որ Նիկոլի իշխանության գալու նպատակը ոչ թե «ապագան» էր, այլ հողերն ու միջանցքներն իրենց անունից թուրքին տալը, պատվաստումախեղդ անելն ու նոր հարկեր հավաքելը: Խուճապը ոչ թե ժողովրդի մեջ է, այլ Նիկոլի թիմում, որովհետև որքան էլ հարմար դիրքով թուրքերից խաղաղություն մուրան, փոխարենը սպառնալիք ու ծաղր են ստանալու: Իրենցը ոչ թե ժողովրդի «լիակատար վստահությունն» է, այլ «ժանգլյոր» պարեկների ստրկական հավատարմությունը: Իսկ դա էլ կտևի մինչև այն պահը, երբ բոլորին կխցկեն հերթական մշակույթի պալատն ու կթողնեն բայրակթարների տակ:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան