Foto

Նոյեմբերի 9-ին, 10-ին պայքարն ավելի է ակտիվանալու

Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Օրերս հրապարակավ հանդես էր եկել, նաև երրորդ նախագահը։ Հանդիպումների ուղերձների մասին Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

- Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ ուղերձներ կային Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում։

- Առաջինն իր պատերացումները ներկայացրեց Արցախի, պատերազմի, գործընթացների մասին։ Խոսեց նաև ներքաղաքական գաղափարների մասին։ Պարզապես պետք է ի գիտություն ընդունել, իսկ մնացածը գործողություններ կլինեն, կհասկանանք՝ կարողանալո՞ւ են արդյոք երկխոսություն սկսել հանրության, մնացած քաղաքական ուժերի հետ, որ միավորեն պայքարի կարողությունները գործողների դեմ, առնվազն թույլ չտալու, որ հայկական, բոլոր իրավունքներն հանձնվեն Ադրբեջանին։ Շատ հետաքրքիր գաղափար էր, որ փորձեց բացատրել՝ բոլոր կողմերը շտապում են՝ Թուրքիան և Ադրբեջանը իր տեսակետից, Հայաստանը ՝իր։  Ասաց՝ այս շտապողականության մեջ հնարավո՞ր է, բոլոր իրավունքներն հանձնենք Ադրբեջանին և մեր գալիք սերունդներին էլ բան չունենանք փոխանցելու։ Ինձ թվում է հետագա պայքարն այս տրամաբանությամբ պետք է լինի՝ առնվազն գտնելու ճանապարհներ և թույլ չտալու, որ այդ իրավունքները հանձնվեն: Դրանից հետո, բնականաբար, այն գիտակցությունը պետք է ունենաք, որ վերականգնենք և՛ մեր զինված ուժերը, և՛ մոտեցումները, և պետք է ձևավորենք նոր իրավական իրականություն, իսկ բանակցությունների սենյակ մտնելիս  ունենանք ինչ-որ պաշար՝ նոր մեխանիզմներ առաջարկելու և մեր շահերը պաշտպանելու։ Այսօր բանակցային սենյակում չունենք ոչ մի պաշար՝ մեր շահերն առաջ տանելու համար։

- Օրերս հանդիպումով հանդես եկավ նաև Սերժ Սարգսյանը։ Սա կարո՞ղ է ընդդիմության պայքարի նոր փուլ համարվել։

- Առնվազն պետք է գիտակցենք, որ հանրության հետ երկխոսելու, մոտեցումները ձևավորելու ու իրենց խոստումները կյանքի կոչելու նոր ուղիների փնտրտուք է։ Ընդդիմությունն իր ընտրողներին խոստումներ է տվել և իրենց պարտականությունների մեջ պետք է լինի, թե իրենք ինչպես են իրենց ընտրողների հետ աշխատանքը շարունակելու։ Ես ուրախ կլինեմ, որ ոչ թե միայն երկու նախկին նախագահների ակտիվությունը լինի, այլ նաև արտախորհրադարանական ընդդիմության։ Մենք դրա ակտիվության ծիլերը տեսնում ենք՝ Սասնա ծռերը հավաք էր կազմակերպում։ Կասեի, որ Լուսավոր Հայաստանի ղեկավարն էլ է շատ ավելի ակտիվ խոսում։ Կարծում եմ, որ այդ դաշտը ևս պետք է միասնական գործի։ Միչև սեպտեմբերի 21-ը սպասեցինք, հիմա ակտիվության ժամանակն է։ Նոյեմբերի 9-ին,10-ին պայքարն ավելի է ակտիվանալու։

Հեղինակ: Աննա Ավետիսյան