Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
(ՄԻԵԴ) սեպտեմբերի 21-ին ևս մեկ վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: Այս անգամ արձանագրվել
է, որ պետությունը խախտել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն
Բարսեղյանի՝ հավաքների և միավորման ազատության իրավունքը: Հայաստանի կառավարությունը
Լ. Բարսեղյանին պետք է վճարի 1500 եվրոյին համարժեք դրամ, որպես ոչ նյութական վնասի
հատուցում:
2008թ. մարտի 2 -ին՝ ժամը 12.30-ի
սահմաններում, Լևոն Բարսեղյանը ժամանել է Գյումրու կենտրոնական Թատերական հրապարակ
և փորձել է մտնել հրապարակ` բողոքի ակցիա անցկացնելու համար: Սակայն մերժվել է նրա
մուտքը ոստիկանության ծառայողների կողմից: Բարսեղյանը չի ենթարկվել նրանց հրամաններին
և տարվել է ոստիկանական բաժանմունք:
Հետք․am-ից տեղեկանում ենք, որ ոստիկանական բաժանմունքում վարչական գործ է հարուցվել
Բարսեղյանի նկատմամբ՝ ոստիկանության ծառայողների օրինական հրամաններին չենթարկվելու
պատճառաբանությամբ: Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Բարսեղյանից
բացատրություն են վերցրել և ազատ արձակել:
Ոստիկանությունը դիմել է դատարան՝
Լևոն Բարսեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Ինչպես
հայտնում է հետք․am-ը Բարսեղյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ:
Նա առաջին հերթին պնդել է, որ ոստիկանությունը չի կարողացել հիմնավորել, որ նա մյուսներին
կոչ է արել հանրահավաք անցկացնել՝ պնդելով, որ ինքը հանրահավաք կազմակերպելու նպատակ
չի ունեցել: Ամեն դեպքում, մարդկանց հրավիրելը արգելված արարք չի եղել, հետևաբար չէր
կարող օրենքով պատժվել: Ավելին, որևէ ապացույց չի ներկայացվել, որ տվյալ պահին ավելի
քան 100 մարդ է հավաքվել Թատերական հրապարակի մոտ կամ դրա մերձակայքում, հետևաբար,
այն պնդումը, որ ինքը մյուսներին կոչ է արել հանրահավաք անցկացնել առանց նախնական ծանուցման,
անհիմն է, քանի որ օրենքը չէր պահանջում նախնական ծանուցում, եթե հանրահավաքին մասնակցում
է 100-ից պակաս մարդ: Հետևաբար՝ ոստիկանության հասցեագրված հրամաններն իրեն ուղղված
չէին կարող օրինական համարվել:
2008թ.
հունիսի 10-ին Վարչական դատարանը բավարարել է ոստիկանության հայցը և մերժել Լևոն Բարսեղյանի
հակընդդեմ հայցը՝ վերջինիս ենթարկելով վարչական տույժի` 50 000 հայկական դրամի չափով:
ՄԻԵԴ-ում
ՀՀ կառավարությունն ընդունել է, որ չնայած նախագահի հրամանագրով արտակարգ դրությունը
վերաբերում էր միայն Երևան քաղաքին, սակայն արտակարգ դրություն կար նաև երկրի երկրորդ
քաղաքում ՝ Գյումրիում: Հետևաբար, այդտեղ ևս պարտավորությունների շեղում էր անհրաժեշտ,
քանի որ ռիսկ կար Երևանի իրադարձությունների և Գյումրիում այդ իրադարձությունների կրկնության
միջև:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի
նախագահի կողմից 2008թ. մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը և համապատասխան
շեղումը վերաբերում էին բացառապես Երևանին, մինչդեռ սույն գործի հանգամանքները տեղի
են ունեցել Գյումրի քաղաքում, որոնց նկատմամբ վերը նշված միջոցները չեն կիրառվել: Ըստ
Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածը թույլ է տալիս
շեղումներ կատարել Կոնվենցիայից բխող պարտավորություններից միայն «այնքանով, որքանով
խիստ անհրաժեշտ է իրավիճակի ծայրահեղությամբ»:
Հավաքների ազատությանը վերաբերող
Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «սահմանափակումներ» տերմինը ներառում է ինչպես
միջոցառումներից առաջ, այնպես էլ դրա ընթացքում ձեռնարկված միջոցառումները, ինչպես
օրինակ՝ նախնական արգելքը, հանրահավաքի ցրումը կամ մասնակիցների ձերբակալությունը,
ինչպես նաև դրանից հետո ձեռնարկված պատժամիջոցները, ներառյալ հանրահավաքին մասնակցելու
համար նշանակված տույժերը:
Գործով կողմերը չեն վիճարկել միջամտության
առկայությունը: ՄԻԵԴ-ն էլ նշել է, որ ոստիկանությունը խոչընդոտել է Լևոն Բարսեղյանին
Գյումրիի կենտրոնում քաղաքական բողոքի ակցիա անցկացնելուն: Երբ նա չի ենթարկվել, ձերբակալվել
է, իսկ հետագայում պատժվել է այդ գործողությունների համար: Ուստի, Դատարանը գտնում
է, որ միջամտություն է եղել Բարսեղյանի խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ:
Դատարանը նաև փաստել է, որ գործում
չկա որևէ ապացույց, որից կարող են ենթադրել, որ Բարսեղյանը բռնի մտադրություններ է
ունեցել կամ ուրիշներին դրդել է կատարել բռնի գործողություններ կամ նմանատիպ դատապարտելի
գործողություններ: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ իշխանությունները, ներառյալ ներպետական դատարանները,
չեն տրամադրել «համապատասխան և բավարար» պատճառներ ՝ հիմնավորելու Լևոն Բարսեղյանի
հավաքների ազատության իրավունքի միջամտությունը, որը, նման հանգամանքներում, չի կարելի
ասել, որ անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում: Ըստ այդմ, տեղի է ունեցել
Կոնվենցիայի 11 -րդ հոդվածի խախտում: