Foto

Ինչպե՞ս է Էկոնոմիկայի նախարարությունը պայքարում երաշտի դեմ

Հանրապետությունում առկա է սակավաջրություն՝ գյուղցիները դաշտերը ոռոգելու խնդիր ունեն։ Vesti.am-ը հարցման միջոցով փորձել է պարզել, թե ի՞նչ գործողություններ են արվում ջրային ռեսուրսի բացակայության կամ սակավ լինելու խնդիրները կարգավորելու համար։ Էկոնամիկայի նախարարությունը հարցի պատասխանում ընդունում է, որ ՀՀ-ում կա ջրային ռեսուրսների դեֆիցիտ։

«ՀՀ գյուղատնտեսության ոլորտում Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ 2019 թվականից իրականացվում է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրը, որի նպատակը ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործումը, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովումը և գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է։ «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման կամ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ ըստ տնտեսավարողի հայեցողության: Սուբսիդավորվող վարկերը ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, հասանելի կլինեն՝ 0 % տոկոսադրույքով։ Անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ ծրագրի իրականացումը կարևորվում է ջրի խնայողական և արդյունավետ օգտագործման գործում և անհրաժեշտ է ոռոգման հիմնախնդրի լուծման ճանապարհին։ Ծրագրի մեկնարկից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ծրագրի շրջանակներում արդիական համակարգով ոռոգվող տարածքներն ավելացել են շուրջ 745 հեկտարով։

Շարունակաբար մշակվել, մշակվում և իրագործվում են ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խնդրի լուծմանն ուղղված ծրագրեր, միջոցառումներ, կիրառվում են նոր մոտեցումներ։ Մասնավորապես, նախատեսվում է նոր ջրամբարների կառուցում, աշխատանքներ են տարվում ձկնաբուծական տնտեսությունների ջրերի երկրորդային օգտագործման մշակույթը ներդնելու ուղղությամբ։ Քննարկումների, ուսումնասիրությունների, հարցումների արդյունքում բացահայտվել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի դանդաղ ընթացքի մի քանի հիմնական պատճառ, և ներկայումս մշակվում են հստակ միջոցառումներ ու գործողություններ՝ խոչընդոտները չեզոքացնելու և գործընթացը խթանելու ուղղությամբ»։

 2019 թվականից ներդրված այսքան գործողությունների արդյունքում ՀՀ մարզերի բնակիչները ճանապարհներ են փակում և ոռոգման ջուր խնդրում, որոշ դեպքերում պահանջում։ Գուցե՞ ինչ որ տեղ, ի՞նչ-որ բան այնպես չի ընթանում։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան