Foto

Փաշինյանն իր մեղքի բաժինը հիմա էլ Աստծո ուսերին է բարդում

«Ասում եմ՝ իսկ գուցե Աստված երես է թեքել մեզնից, այնպես, ինչպես գրված է 12-րդ Սաղմոսում, որտեղ գրված է՝ մինչև ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչև ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից»,- «քարոզում» է Նիկոլ Փաշինյանը: Կարելի է կարծել, թե հոգնել է ամեն ինչում նախկին իշխանություններին մեղադրելուց, բայց չի հոգնում մեղավորներ փնտրել։ Հիմա էլ, ոչ ավել, ոչ պակաս,  ստեղծված իրավիճակի, պատերազմում պարտության համար Աստծո՞ւն է մեղադրում։ 

«Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել․․․ Անցնում եմ տարածքներով, որտեղով նախկինում չեմ անցել կամ, տարածքներով, որոնք նախկինում չեմ նկատել»,- իբր  ապաշխարհում է Փաշինյանը։ 

Չքննարկենք, թե նա ինչո՞ւ է նոր  բացահայտում Հայաստանը, բայց գուցե հենց այդ պատճառո՞վ է գրչի հարվածով կամ տարբեր վերելակներում այն հանձնում թշնամուն։

«Սա, իրականում, Ավետյաց երկիր է»,- հերթական բոցաշունչ «բացահայտումն» է անում այդ Ավետյաց երկիրը ծվատողը։ Իրականում՝ Փաշինյանի նկարագրած դրախտային երկիրն այժմ վերածվել է դժոխքի, որտեղ քաղաքացին իր տան բակում գերի է ընկնում թշնամուն և դեռ հայտնի չէ, ետ կգա՞ մի օր իր հարազատ օջախը։ Թող սենտիմենտալ չթվա, բայց մարդիկ ամեն րոպե լուսանկարվում են իրենց հայրենի հողի ծառ ու թփի հետ, որովհետև վստահ չեն, որ լուսաբացին այն թշնամուն հանձնված չի լինելու։

Փաշինյանի մեջբերման մեջ մի ճշմարտություն կա։ Այո՛, իսկապես Աստված երես է թեքել մեզանից, ու դրանով դաս է տալիս, որովհետև մենք շարունակում ենք վստահել մարդկանց, ովքեր, հանուն աձնական շահի ու փառասիրության, մարդկային կյանքեր ու  հայրենիք խորտակեցին։