ՀՀ վերջին արդեն նախկին արտգործնախարարն այսօր ասել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Ուղիղ 10 օր առաջ, երբ ԱԳՆ խոսնակը, պատասխանելով լրատվականների հարցերին, հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, ես կարծիք հայտնեցի, որ մեր արտգործնախարարությունը դիվանագիտորեն իրեն զատում է Փաշինյանի դեմարկացիայի հայտարարությունը ստորագրելու պատրաստակամության պատասխանատվությունից և Հայաստանի սահմաններից ադրբեջանցիների դուրս գալու խղճուկ նախապայմանի նշաձողը բարձրացնում է։
Փաշինյանը կարող էր, եթե իհարկե ցանկանում է, օդտվել այդ հուշումից և բանակցային որոշակի նպաստավոր դիրք ստեղծել Հայաստանի համար։ Բայց, լցված լինելով սեփական ժողովրդի և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անթաքույց քինախնդրությամբ, նա հիմա գործում է «ո՛չ ինձ, ո՛չ ձեզ» սկզբունքով։ Նա զգացել է աթոռը կորցնելու անխուսափելի հեռանկարը և իրենից հետո եկող բոլոր իշխանություններին դատապարտում է ձախողումների, «նախկիններ» բառը կրկնելու։ Նա իրենից հետո վառած հող է թողնում հայաստանի հետագա բոլոր ղեկավարների համար։
Հիմա արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի 100 տոկոսանոց հայանպաստ կամ երկկողմ ձեռնտու «նախաձեռնությունները» բացառապես նրա հիվանդ ինքնասիրության, սեփական կաշին փրկելու համար գեներացված արկածախնդրություններ են, որ չեն քննարկվում կառավարությունում, չեն ստանում մասնագետների հավանությունը։ Չի բացառվում, որ նման «լուծումները» (արմատը՝ լուծ, փորհարիք) գոյություն ունեն միայն այն պատճառով, որ թե՛ անվտանգության խորհրդում, թե՛ կառավարության նիստերին, թե՛ խորհրդարանում դրանց կողմ քվեարկող այնքան անդամ կա, որ մասնագետի կարծիքը կարևոր էլ չէ։
Արա Այվազյանի հայտարարությունն ուշացած է և սա չեմ գրում նրա երեսը պարզ անելու մտադրությամբ։ Սա նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր կողմ արտահայտվելով կամ սատարելով Փաշինյանի հիվանդ երևակայության արգասիքներին, գիտակցաբար ստանձնում են դրանց պատասխանատվությունը նույնչափ, որքան ինքը՝ Փաշինյանը։