Foto

Փաշինյանի բանավեճի հրավերը չեն ընդունում, նա կարող է շարունակել հպարտանալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է բանավեճի:

«Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»,-ասել է նա:

Փաշինյանի այս ելույթը անպատասխան չի մնացել, բանավեճի հրավերին արձագանքել են տարբեր քաղաքական գործիչներ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով ընգրկված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմում, արձագանքել է. «Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում.նրանց պետք է ուղարկել գրողի ծոցը և վերջ»:

Փաշինյանի բանավեճի հրավերին արձագանքել է նաև Սերժ  Սարգսյանի մամուլի խոսնակ  Արմեն Աշոտյանը:

«Եթե դուխ ունենար, դեռ մայիսի 4-ին, 5-ին մեզ հետ կբանավիճեր: Ես համաձայն եմ բանավիճել, քանի որ ես դատական բժիշկ եմ, փորձ ունեմ քաղաքական  մեռելի հետ գործ ունենալ, ինձ համար դա մասնագիտություն է և Ղարաբաղի հարցով ես նրան 40 րոպեում կսատկացնեմ: Փրփուրը բերանին անբարոյական դուրս է տալիս: Եթե անգամ մտքով անցնում է նախկիններին մեղադրել Ղարաբաղի հարցով, ապա, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի հետ կապված, չի կարող գցել նախորդ նախագահների ջեբը»,-ասել է նա:

Vesti.am-ի հետ զրույցում  Փաշինյանի բանավեճի հրավերին արձագանքեց նաև «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

«Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի, և թե՛ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը չի կորցրել Արցախը և իրապես եղել  է հաղթած երկիր, իսկ այս թյուրիմացությունը, ով կառչել է վարչապետի աթոռին, իր խոսքում հպարտությամբ է խոսում իր պարտության մասին: Հոգեկան այսպիսի սրվածություն ունեցող մարդու հետ որևէ բանավեճի մասնակցելն անիմաստ եմ համարում»,-ասաց  նա:

Ակնհայտ է, որ Փաշինյանի «նետած ձեռնոցը» գետնից վերցնող չկա։ Դա անպատվության ամենախոսուն արտահայտությունն է, որ հնում կիրառվում էր պատվազուրկ մարդու նկատմամբ։

Միայն Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը դեռևս չի արձագանքել Փաշինյանի  բանավեճի հրավերին:

Vesti.am