Վարազդատ Կարապետյանն իր քայլերի համար ներողություն է խնդրել և Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու դիմում գրել։ Հետադարձ հայացք նետելով կառավարող ուժի հետ իր անցած ճանապարհին, վերլուծելով այն պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ նա հետևություն է արել, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չի ունեցել հիմնարար գործընթացների վրա:
Կարելի է միայն ափսոսել, որ Վարազդատ Կարապետյանը չի փորձել վերլուծել իրենց գործողություններն իշխանություն եղած ժամանակ՝ օրինակ, երբ անվերապահորեն աջակցում էր իշխանության բոլոր այլանդակություններին՝ դատարանների շրջափակումից սկսած մինչև գույքահարկի նոր կարգավորումները՝ մարդկանց խորհուրդ տալով հարցը դիտարկել ոչ միայն սեփական բյուջեի տեսանկյունից։
Կարելի է ափսոսել, որ պատերազմի ամենաթեժ պահին չէր զլանում բավարարել իր առաջնորդի փառասիրությունը՝ անթաքույց քծնելով նրան, գովաբանելով Նիկոլի որդու «սխրանքները»։
Կարելի է միայն ափսոսել, որ պատերազմի ժամանակ դարձել էր ստի մեքենայի օղակներից մեկը, երբ հաղթելու մասին գրառումներ էր անում և փաստում, որ դա իր ընկեր Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի որոշումն է։ Նրա և իր գործընկերների ոգևորված բառախաղերը բոլորի վրա թանկ նստեցին։
Կարելի է միայն ափսոսել, որ տուրք է տվել անթաքույց պոպուլիզմին՝ կոչ անելով խանութների և ռեստորանների, արտադրամասերի և հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերերին՝ սկսել «10 միլիոն» դրամի շարժում, իրենց վերջին խնայողությունները փոխանցել հիմնադրամին։ Իսկ զուգահեռ իրականության մեջ իր գործընկեր ԱԺ պատգամավորներն Արցախ մեկնելու համար գործուղման օրապահիկ էին ստանում։
Շատ կարևոր է, որ Վարազդատ Կարապետյանն ի վերջո հասկացավ, որ չի կարելի պետությունը սևերի ու սպիտակների բաժանել, պետական և ազգային արժեքներն ու ինստիտուտները քանդել ու քայքայել։ Բայց այդ մասին Ձեզ զգուշացնում էին երկու տարի, չէիք տեսնում, կամ չէիք ուզում տեսնել։
Այսօրվա ութսունմիքանիսից բոլորը հատ-հատ ներողություն են խնդրելու, որ ժամանակին չեն սթափվել, որ եղել են հիպնոսի տակ, որ շատ բաներից տեղյակ չեն եղել, որ շրջափակել են դատարանները, որ կատարել են լայվով ստացած հրամանները և այլն։ Ոչ մի կասկած։
Այլընտրանքային նախագծեր խումբ