Foto

Խաղաղապահներն ականազերծման աշխատանքներն են կատարում Մարտունիում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետներն ականազերծում են Լեռնային Ղարաբաղի Մարտունի բնակավայրի տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ բնակավայրերի ականազերծման և ծայրամասերի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս զինծառայողների անվտանգությունն ապահովել պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ և տեղանքի մաքրման տեմպը պահպանել եղանակային բոլոր պայմաններում:


«2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների իրականացրած գործողությունների արդյունքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1191,3 հա տարածք, ավելի քան 350 կմ ճանապարհ, 1170 շինություն, այդ թվում` սոցիալական կարևորություն ունեցող 29 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 24,2 հազար պայթյունավտանգ առարկա», - հայտնում է ՌԴ ՊՆ–ն։


Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված տարածքում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։