Լեռնային Ղարաբաղի դիտակետերում ծառայելու ընթացքում ռուս զինծառայողները կանոնավոր կերպով իրականացնում են հակաահաբեկչական վարժանքներ: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ «Տագնապի» գործողությունների մշակման ընթացքում խաղաղապահ զորակազմի զինծառայողները վարժանքներ են իրականացրել կրակային դիրքերը զբաղեցնելու, ինչպես նաև երթևեկությունը կանգնեցնելու նպատակով մայրուղիները փակելու ուղղությամբ:
Գերատեսչությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազեններից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շուրջօրյա դիտանցում իրականացնելու համար:
ՌԴ Պն-ն հավելում է, որ դիտակետերի ենթակառուցվածքը ներառում է նաև անձնակազմի համար հարմարավետ բնակելի մոդուլներ, սնունդ պատրաստելու և ճաշելու բլոկային մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային և տեխնոլոգիական բլոկային մոդուլ` հագեցած մշտական էլեկտրաէներգիայի մատակարարման գեներատորներով: Բոլոր մոդուլները հագեցած են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով և ջեռուցման և օդորակման համակարգերով: