«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունն այսօր հիմնադիր ժողով անցկացրեց։ ՀԿ նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանը նշեց, որ քաղաքական կեղտոտ խաղի արդյունքում ստորագրված նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության պատճառով Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի, Ասկերանի շրջանի բնակիչները զրկվել են իրենց հայրենիքում ապրելու և արարելու հնարավորությունից։ Ստեղծված իրավիճակում մի տարածաշրջանում, որտեղ 100 տարուց ավելի մոլեգնում է ռուս-թուրքական բռնատիրական քաղաքականությունը, արցախցիների համար անհնար է ապրել ու ունենալ թեկուզ չնչին մարդկային իրավունքներ։
«Մեր տարածաշրջանն ի վերջո պետք է փոխվի՞, թե՞ ոչ։ Մենք մեր ձայնը պետք է վճռական բարձրացնենք համաշխարհային տերությունների առաջ՝ հասկացնելով, որ մենք իրավունք ունենք ապրելու։ Մենք այսօր մեր ձայնը չենք բարձրացնում միայն Հադրութի համար, այլ բարձրացնում ենք ամբողջ Հայաստանի համար»,- ասաց Նա։
Ըստ նրա՝ Ռուսաստանն իրավունք չունի իր դաշնակցին գցելու, որը մենք ենք։ Միջազգային ասպարեզում էլ Ռուսաստանն իրեն նորմալ չի պահել իր երկու համանախագահ ընկերների հանդեպ այդպիսի գործողություններ կատարելով։
Լևոն Հայրյանի խոսքով՝ սկսած 1990-ականներից մենք երբեք չենք ունեցել պետականապետ իշխանություն, ինչն էլ մեր հիմնական պարտության պատճառն էր։
Ստեղծված իրավիճակում, նրա խոսքով, հադրութցիները դիմելու են Մինսկի խմբի համանախագահ երկրներին։
«Դիմելու ենք համանախագահ երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, որ իրենք իրենց պարտավորությունները կատարեն։ Չնայած մենք գտնվում ենք վատ վիճակում, բայց ավելի վատ վիճակներում էլ ենք եղել, մենք իրավունք չունենք կոտրվելու։ Մենք մեր պահանջը պետք է ներկայացնենք համաշխարհային հանրությանը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ խոսելիս մենք չպետք է լինենք խնդրողի դերում։ Մենք պետք է պահանջենք, որ մենք էլ իրավունք ունենք մեր երկրում հանգիստ ապրելու ու արարելու»,- հավելեց Լևոն Հայրյանը։
Նրա խոսքով՝ եթե Հադրութում ապրելու հնարավորություն չտրվի իրենց, հնարավոր է, որ հադրութցիները դիմեն Եվրամիությանը, ԱՄՆ-ին կամ ՄԱԿ-ին՝ քաղաքական ապաստան խնդրելու համար, որպեսզի համայնքը միասնական ապրի։ Բայց հադրուցիների գլխավոր խնդիրը Հադրութ վերադառնալն է։ Այս հարցով առաջնահերթ պահանջները պետք է ներկայացվեն հենց Հայաստանի իշխանություններին։