Մինչև Մոսկվա մեկնելն իշխանական ողջ քարոզչամեքենան փողհարում
էր, որ Փաշինյանը պետք է գնա եռակողմ հանդիպմանը, որովհետև այնպիսի հարցեր, ինչպիսիք
են գերիների վերադարձն ու Արցախի կարգավիճակը, այլ կերպ լուծել հնարավոր չէ: Նույնիսկ
հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվեց օրակարգ, որտեղ դրանք առկա
էին: Իսկ այն, ինչը ստորագրվեց, ոչ մի կապ չունի ոչ միայն այդ հարցերի, այլև հայկական
շահերի հետ ընդհանրապես: Ստացվում է, որ Մոսկվայում ստորագրեցինք մի հայտարարություն,
որով կորցնում ենք մեր վերջին հաղթաթուղթը գերիների վերադարձման, Արցախի կարգավիճակը
հստակեցնելու և դրան հասնելու համար: Ռուսաստանին տարածաշրջանում կայունություն է պետք՝
ինքը դրան հասել է Արցախում խաղաղապահներ տեղակայելով: Ալիևն ընդհանրապես հակամարտությունը
սպառված է համարում և տարբեր հայտարարություններով և գործողություններով փորձում է
լեգիտիմացնելի իր երկրի սուվերինիտետն Արցախի նկատմամբ: Միայն մենք ենք մնացել չլուծված
խնդիրներով:
Ի՞նչ է նշանակում «չհաջողվեց լուծել ռազմագերիների
վերադարձի հարցը»: Փաշինյանն Ալիևին ասել է վերադարձրեք՝ ինքն ասել է չեմ վերարձնո՞ւմ:
Բա միջնորդ կո՞ղմն ինչ է ասել: Գոնե խոսակցություն գնացե՞լ է: Եթե կարելի էր համատեղ
հայտարարության մեջ այդքան մանրամասնորեն ու ժամկետներով նշել կոմունիկացիաների ապաշրջափակման
մասին, ինչո՞ւ գեթ մեկ բառով գերիները չհիշատակվեցին, ինչո՞ւ խոսք չկա հակամարտության
կարգավորման, դրա ձևաչափի մասին:
Այս հարցերի պատասխանը մեկն է՝ Փաշինյանը չէ այն մարդը, ով կարող
է առաջ տանել մեր օրակարգը: Նա Մոսկվայում հայկական կողմից զուտ «պեչատ դնող» էր: