Foto

Եռակողմ համաձայնությունները հետևողականորեն իրականացվում են. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերը հետևողականորեն իրականացվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդարացի կարգավորման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ համաձայնությունները հետևողականորեն իրականացվում են: Մեր կարծիքով, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար արդար հիմքի վրա՝ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով», – ասել է նա:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, 48 հազար փախստականներ արդեն վերադարձել են տարածաշրջան: «Հիմա իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է: Մենք շատ բան ենք անում ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի համար: Ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ (2020 թ. նոյեմբերի 14-ից)», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվել է գերիների և մահացածների մարմինների փոխանակում: Բացի այդ, հաջողությամբ գործում է Մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնը, որի շրջանակներում «լուծվում են բնակավայրերում բնականոն կյանքի հաստատման, ավերված ենթակառուցվածքների վերակառուցման և պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հրատապ խնդիրները»:

«Կենտրոնի աշխատակիցները զբաղվում են էներգիայի և ջերմամատակարարման վերականգմամբ։ Ավելի քան 800 տոննա շինանյութ և ավելի քան 1.5 միլիոն տոննա հումանիտար բեռ արդեն Ռուսաստանից առաքվել է հակամարտության գոտի: Բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն: Ավելի քան 479 հա տարածք մաքրվել է ականներից, ստուգվել է 182 կիլոմետր ճանապարհ, 710 շենք և շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 22 հազար պայթյունավտանգ առարկա», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: