ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, միաժամանակ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին. անհրաժեշտ է լուծում գտնել՝ երկու կողմերի շահերից ելնելով, «առանց հաղթողների և պարտվողների»:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին. շատ դժվար հարց է՝ հին, արմատներով դեպի անցյալ: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին օգնել լուծում գտնել. Ռուսաստանը փորձեց», – РИА Новости -ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Գորբաչով, որը երկիրը ղեկավարում էր 1980-ականների վերջին ղարաբաղյան հակամարտության սրման շրջանում:
Խորհրդային Միության նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, կարևոր է կանգ չառնել, չթողնել խնդիրը չլուծված ևս տասնամյակներ:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից, առանց հաղթողների և պարտվողների», – ասել է Գորբաչովը: