Foto

Իվետա Մուկուչյան. «Մարտական հագուստի պես կրելու եմ ժողովրդիս ջերմ խոսքերը և բարձրանալու եմ բեմ»

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող  Իվետա Մուկուչյանը և մրցույթի հայաստանյան կազմակերպիչներն այսօր՝ ապրիլի 29-ին,  հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել եվրատեսիլյան անելիքները:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ սրտնեղած են սահմանում տեղի ունեցած դեպքերի պատճառով, բայց միևնույն ժամանակ ավելի քան երբևէ մարտական են տրամադրված.

-Սա ևս մեկ հիանալի առիթ է, որպեսզի մենք մեր ազգին ուրախանալու և հպարտանալու պահեր պարգևենք: Առիթ է, որպեսզի մեր ողջ աշխարհասփյուռ հայությունը միավորվի մեր կատարման շուրջ և որպեսզի 43-ից ավելի երկրներում միլիոնավոր հադիսատեսի առջև հնչի Հայաստանի անունը,-նշել է Գոհար Գասպարյանը:

Երգչուհի Իվետա Մուկուչյանը մրցույթի մեկնելուց առաջ լրագրողներին է պատմել իր տպավորությունների և զգացողությունների մասին.

-Ես չէի սպասում, որ այս վերջին օրերին այսքան հավասարակշռված կարող եմ լինել: Ինձ թվում էր, թե իմ նյարդերը չեն դիմանալու, սակայն ես շատ հանգիստ եմ, բացարձակ լարված չեմ, ինչն էլ մեր ողջ անձնակազմի պրոֆեսիոնալ և միասնական լինելու արդյունքն է: Մարտական հագուստի պես ես կրելու եմ ժողովրդիս ջերմ խոսքերը և բարձրանալու եմ բեմ,-ասել  է երգչուհին:

Անդրադառնալով  համարի բեմականացմանը՝  Իվետան նշել է, որ այս անգամ նա  համագործակցում է շվեդ բեմադրող-խորեոգրաֆ Սաշա Ժան Բատիստի հետ, ով բավականին հետաքրքիր լուծումներ է առաջարկել:

-Ողջ ուշադրությունը լինելու է մեր երգչուհու վրա, իսկ նա մենա՞կ կլինի բեմում, թե՞ նրա հետ կլինեն ևս մի քանիսը՝ փոքրիկ գաղտնիք է: Լինելու է  շատ հետաքրքիր գրաֆիկական, լուսային հատուկ էֆեկներով հագեցած բեմադրություն, շեշտն էլ դրված է լինելու մոնտաժային ներկայացման վրա: Ելույթը դիտելուց  ձեզ կարող է թվալ, թե դուք տեսահոլովակ եք նայում,- մանրամասնել է Գոհար Գասպարյանը:

Խոսելով մրցույթի կազմակերպիչների կողմից  ներկայացրած այս տարվա դրոշների «քաղաքականությունից», ըստ որի՝ Արցախի դրոշն արգելվածների ցանկում է, Գոհար գասպարյանը նշել է, որ միևնույն է, իրենց հետ տանելու են Արցախի դրոշը:

Իր ելույթի ընթացքում Իվետա Մուկուչյանը կրելու է «Kivera Naynomis»  ապրանքանիշի զգեստ և «Artyom's» ընկերության զարդերը:

Օրերս ներկայացվելու են  նաև «LoveWave»  երգի «remix»  և «cover» տարբերակները:

Մայիսի 1-ին հայկական պատվիրակությունը մեկնելու է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ էլ մայիսի 10-ին, 12-ին, 14-ին կայանալու է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը:

Vesti.am