Հայաստանում ընդունված է աշնանացանին ցանել նախորդ տարվա բերքի պարենային ցորենի մի մասը, ինչը զգալիորեն ցածր բերքատվություն է ապահովում։ Ավելի բարձր բերքատվություն կարելի է ստանալ ավելի բարձր որակի սերմացու գնելով, սակայն դա էլ թանկ է նստում գյուղացիների վրա։
Այս խնդրին պատասխանելու համար կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով սուբսիդավորելու է աշնանացանի համար որակյալ սերմացուի գնումը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, որ եթե որակյալ սերմացուն 110-120 դրամով ավելի թանկ է, քան գյուղացիների ունեցածը, ապա իրենք պատրաստ են այդ տարբերության 70 տոկոսը վճարել որպես սուբսիդիա։
Նախարարը նույնիսկ հաշվարկներով ցույց տվեց, թե որքան եկամուտ կարող են ունենալ գյուղացիները՝ այդպիսի մեթոդով գնում կատարելու և աշնանացանը կազմակերպելու դեպքում։ Ընդ որում՝ նախարարը նաև տեղեկացրեց, որ այդպիսի սուբսիդիաները միայն փոքր տնտեսություններին են տալու՝ մինչև 20 հեկտար ցանքի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ այս միջոցառումը ժամանակավոր է լինելու, որպեսզի գյուղացին տեսնի այդ բերքատվության չափն ու մյուս տարի արդեն իր միջոցներով գնի որակյալ սերմացու՝ ավելի մեծ եկամուտ ստանալու համար։