Foto

Ֆիդան. «Գոհ ենք Ադրբեջան-Հայաստանի վերջին զարգացումներից»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ֆիդանն անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան և Հայաստան-Ադրբեջան գործընթացներին ու նշել.

«Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները դաշնակցային մակարդակի հասցնելով՝ մենք ամուր հիմք ենք ստեղծել ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցության համար։ Մեր զինված ուժերի միջև անցկացվող համատեղ զորավարժությունները, ուսուցման և փորձի փոխանակումը, ինչպես նաև մեր ռազմարդյունաբերական կազմակերպությունների միջև աստիճանաբար խորացող համագործակցությունն այս գործընկերության գործնական դրսևորումներն են»։

Ըստ Ֆիդանի՝ առաջիկայում ևս վճռականորեն կշարունակեն այս ոլորտում տարվող աշխատանքները՝ փոխադարձ կարիքներին և հնարավորություններին համապատասխան։ Խոսելով տարածաշրջանային հարցերից՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ այսօր ևս առաջնահերթություն է տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարօրության վերջնական հաստատումը։

«Մենք գոհունակությամբ ենք հետևում վերջին շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված զարգացումներին և ընդունում այդ հարցում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։ Նաև հավատում ենք, որ այս գործընթացի ավարտով մեր տարածաշրջանում կսկսվի համագործակցության նոր շրջան»։

Ֆիդանը ցանկություն է հայտնել, որպեսզի Հարավային Կովկասը ընկալվի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, տրանսպորտային կապերի զարգացմամբ, էներգետիկայով, առևտրով և տնտեսական զարգացմամբ։ Այս համատեքստում ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական ուժը շարունակելու է առանցքային դեր ունենալ այս նպատակին հասնելու գործում։

Հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հետևյալ հարցն է տվել Ֆիդանին.

«Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների զարգացումը համարո՞ւմ են ռազմավարական առաջնահերթություն։ Ի՞նչ աշխատանքներ են համակարգվում Կարսի և Նախիջևանի ավտոմոբիլային ու երկաթգծերի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման և ապագայում Զանգեզուրի միջանցքի՝ որպես միասնական տրանսպորտային ցանց գործարկելու ուղղությամբ»։

Ի պատասխան Ֆիդանը նշել է.

«Այսօր, անկեղծ ասած, մենք անդրադարձանք այս հարցերին։ Ինչպես գիտեք, երբ նայում ենք Ադրբեջանի աշխարհագրական դիրքին և նրա հարաբերություններին Թուրքիայի հետ, հատկապես Միջին միջանցքի իրականացման հարցում երկու երկրներն էլ մեծ դեր են խաղում»։

Ըստ Ֆիդանի՝ առաջին հերթին, դա կարևոր է համաշխարհային առևտրի տեսանկյունից։ Երկրորդ՝ այն շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ապահովման, ինչպես նաև թյուրքական աշխարհի երկրների միջև միմյանց հասանելիության տեսանկյունից։

«Մենք ունենք լայն տեսլական, որը հնարավորություն է տալիս թյուրքական աշխարհի երկրներին հասնել Թուրքիա՝ Անատոլիա, իսկ Անատոլիայի միջոցով՝ Եվրոպա, և Թուրքիային՝ Կասպից ծովի միջոցով հասանելիություն ապահովել թյուրքական աշխարհին։ Դրա նշանակությունը շատ մեծ է։
Դրա կարևոր բաղադրիչներից է, իհարկե, Զանգեզուրի միջանցքը, իսկ դրա լրացնող տարրերից մեկը՝ Կարս- Դիլուջու երկաթուղին»,- ընդգծել է Ֆիդանը։

Թուրքայի արտգործնախարարը նաև հայտնել է, որ այդ հարցի վերաբերյալ դեռ անցյալ տարի քննարկումներ են եղել, և երկու նախագահների կողմից ընդունված ու հաստատված տեսլական կա։
Ներկայումս շինաշխատանքները շարունակվում են և մինչև 2029-ի տարեվերջ կավարտվեն Կարս-Դիլիջու երկաթուղու շինաշխատանքները։

Ermenihaber