Կորոնավիրուսային համավարակը ոչ միայն լուրջ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը և բարեկեցությանը, այլև խաթարում է աշխարհի շատ երկրների տնտեսությունները:
Այսօր Հայաստանում, ցավոք, համաճարակի դեմ պայքարի և դրա հետևանքները մեղմելու նպատակով բոլոր ուժերի ակնկալվող համախմբման փոխարեն, զարգանում են հասարակական վտանգավոր գործընթացներ, որոնք ավելի են սրում հասարակության բևեռացումը, արմատավորում են փոխադարձ անհանդուրժողականության, չարության մթնոլորտ, նսեմացնում են ազգային ավանդական, այդ թվում՝ հոգևոր արժեքների և Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը:
Քանի դեռ, աշխարհի զարգացած երկրների ջանքերն ուղղված են COVID-19-ի դեմ դեղամիջոցներ ու պատվաստանյութեր ստեղծելուն, հայ հասարակությունը, մեկը մյուսի հետևից, ահավոր մեծ չափաբաժիններով վարկաբեկիչ բնույթի տեղեկատվության «ներարկումներ» է ստանում, ինչը կաթվածահարում է հասարակական ու պետական օրգանիզմը և տանում հայոց պետականության ու հանրային բարոյականության հիմքերի խարխլմանը:
Այս օրերին մենք ականատեսն ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ պախարակիչ նյութերի հրապարակմանը, միտում ունենալով վարկաբեկել մի անձնավորության, ով Հայաստանում կայացել է ոչ միայն որպես երկրի ամեհահաջողված ձեռներեցներից մեկը, այլև, մեծապես նպաստել է նրա զարգացմանն ու շահեկան կերպարի ձևավորմանը:
Իր բազմամյա գործունեության ընթացքում Ծառուկյանը բարձր հարգանք ու հեղինակություն է վաստակել նաև օտարերկյա բազմաթիվ գործարարների ու քաղաքական գործիչների շրջանում, այդ թվում՝ Ռուսաստանում, Բելառուսում, եվրոպական ու արաբական երկրներում և այլուր:
Նման գործիչների հանդեպ սույն քամահրական ու անվայել վերաբերմունքը ոչ միայն նվազեցնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը, այլև մեծապես վնաս է հասցնում ինչպես բիզնեսին այնպես էլ իշխանությունների հետ նրա փոխգործակցությանը:
Նմանապես, և ընդդիմության կողմից հրապարակային բանավեճի դաշտում դրսևորվող ցինիզմը, պետության առաջին դեմքերի արժեզրկումը, արժանապատվությունը նվաստացնող, մասնավորապես՝ ՀՀ վարչապետին, նրա տիկնոջը վերաբերվող զազրելի հրապարակումների տարածումը, բնավ չեն նպաստում ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության ուժի և հեղինակության աճին:
Նոր իշխանությանը նախորդից բաժին հասած բազմաթիվ մեխանիզմներից ու «ավանդույթներից» ձերբազատվելու գործընթացում, չգիտես ինչու, վարկաբեկման և փոխադարձ վիրավորանքների միջոցով միմյանց արժեզրկման արատավոր գործելակերպը ոչ միայն չի վերանում, այլև համարյա վերածվում է հասարակական կյանքի և ժողովրդի զանգվածային գիտակցության՝ հետին պլան մղելով իրական խնդիրներն ու վտանգները:
Սույն իրավիճակի շտկման հարցում զգալի դերակություն կարող է ունենալ ինչպես իշխանության դիրքորոշումը, այնպես էլ ընտրյալ մտավորական խավը, որը, ցավոք, նույն այդ ահաբեկման ու արժեզրկման հետևանքով, ըստ էության, անհետացել է հասարակական-քաղաքական դաշտից:
Մեզ՝ Սփյուռքի ներկայացուցիչներիս, չեն կարող չմտահոգել մեր պատմական հայրենիքում տիրող իրավիճակը, նրա անվտանգությանն ու բարօրությունը պայմանավորող հարցերը:
Ակնհայտ է, որ հիմա քաղաքական շահարկումների, «մեղավորների» փնտրտուքի, պիտակներ կպցնելու ժամանակը չէ, առավել ևս, տեղին չէ, երկրի տնտեսության կարևորագույն օղակներից մեկի ղեկավարի հանդեպ նման ճնշում գործադրելը:
Այսօր պետք է անհապաղ համախմբել բոլոր ուժերն ու ռեսուրսները և գտնել մեխանիզմներ՝ հաղթահարելու համաճարակն ու նրա հետևանքները, որոնք սրվել են իշխանությունների կողմից ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկելու պատճառով:
Պահն ու իրավիճակը հասարակական համաձայնություն են պահանջում: Ժամանակն է կանգ առնելու և մի կողմ թողնելու անձնական հավակնություններն ու նախապատվությունները:
Ի տարբերություն փոխադարձ հալածանքի, միմյանց հանդեպ ճիշտ ժամանակին հայտարարված բարոյական համաներումը երկրին ու հասարակությանը թե՛ հոգևոր, թե՛ նյութական շատ ավելի մեծ օգուտ կբերի:
Միայն այդպես մենք կամրապնդենք Հայաստանի ինչպես հասարակական-քաղաքական հիմքերը, այնպես էլ նրա միջազգային հեղինակությունը: