Vesti.am-ի թղթակիցն այսօր «Արմենիա» ԲԿ-ում էր, որտեղ բուժում են ստանում Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներից մի քանիսը:
53-ամյա Հասմիկ Մելքոնյանը պատմել է, որ ինքն իր բարեկամուհու՝ 37-ամյա հղի Անուշ Եղիկյանի հետ նստած է եղել վարորդի հետևի երկրորդ նստարանին՝ ենթադրյալ մեղավորի ուղղությամբ, սակայն նրա մոտ ոչ մի կասկածելի բան չի նկատել: Նա պատմել է, որ ատամնաբուժարանից տուն էին գնում, երբ դեպքը տեղի ունեցավ:
-Ավտոբուս ես նստում, ի՞նչ կարող ես մտածել: Պայթյունի պահին ոչինչ չեմ լսել, միայն զգացի, որ թուլացա ամբողջ մարմնով, ձեռքերս չէի կարողանում կառավարել, անգամ գոռում էի, բայց իմ ձայնը չէի լսում: Մութ էր, ոչինչ չէի տեսնում, ուղղակի պտտվեցի կողքի, որ տեսնեմ ովքեր կան, կողքիս նստած աղջկան հարցրի՝ այ բալա, դու ո՞նց ես, ասաց՝ ոչինչ, նայեցի, տեսնեմ ավտոբուսի պատուհանները չկան, վարորդը չկա: Նայեցի, տեսա ուղևորներից մեկը մահացած է, թեքվեցի, որ հղի բարեկամուհուս ասեմ, որ գոնե ինքը չնայի: Սկսեցի գոռալ՝ օգնե՜ք, օգնե՜ք ու տեսա, որ մեքենաները կանգնում են ու ժողովուրդը վազում է դեպի մեր կողմ: Անգամ չգիտեմ, թե մահացած մարդն ինչպես էր այդտեղ հայտնվել, նա, կարծես դռնից կախված լիներ,-ասել է տուժած կինը՝ ընդգծելով, որ հիմա շատ ուժեղ գլխացավեր ունի: Հասմիկ Մելքոնյանն այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Նեյրովիրաբուժական բաժանմունք:
37-ամյա հղիի վիճակն էլ կայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստացել է թոքերի սալջարդ և ցավեր ունի որովայնի շրջանում:
45-ամյա Հարություն Թերզյանի մոտ պայթյունի հետևանքով առաջացել է բարոտրավմա, նրան «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են «Քիթ-կոկորդ-ականջ» բաժանմունք:
Ինչպես նշել են տղամարդու հարազատները՝ նա վիրահատության կարիք ունի, բայց դեռևս պարզ չէ, թե երբ կվիրահատեն:
Հարություն Թերզյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ կարծում է՝ պայթյունի մեղավորը իր հետևում նստած մարդն է եղել՝ սպիտակ շապիկով, ճաղատ, բայց դեմքը չի հիշում.
-Երբ բարձրացա ավտոբուս, մի երիտասարդ տղա տեղը ինձ զիջեց ու գնաց առջևում նստեց, քննիչների պատմելով հասկացա, որ հենց նրա մոտ էլ եղել է պայթուցիկը: Եթե այդ տղան չկա, ով ինձ տեղ է զիջել, ուրեմն ինքն է,-ասել է տուժած տղամարդը՝ ընդգծելով, որ զգացել է՝ ինչ-որ վատ բան է կատարվում, բայց պայթյունի ալիքի պատճառով չի կարողացել իրեն տիրապետել:
Հարություն Թերզյանն ասել է, որ պայթյունից հետո աչքերը բացել է ու մտածել է, որ միայնակ է ավտոբուսի մեջ, հետո նկատել է մի կնոջ, ով քարացած նստած է եղել.
-Այդ պահին ինձ թվաց, թե գազի պայթյուն է եղել: Ինձ անմիջապես դուրս գցեցի, զգացի, որ լավ չեմ լսում, մտածեցի՝ կամ կանտուզիա է, կամ էլ ուր որ է լսողությունս կբացվի: Հետո, երբ եկա ավտոբուսի դիմաց, տեսա հղի կնոջը, արտասվում էր: Ինչ-որ մեկն ինձ անմիջապես նստեցրեց մեքենա ու բերեց հիվանդանոց,-պատմել է նա:
15-ամյա Անահիտ Միքայելյանն էլ, ով ավտոբուս էր նստել «Թումո» կենտրոնի մոտից և ընդամենը մի քանի մետր ճանապարհ էր անցել, ևս տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ-ի «Քիթ-կոկորդ-ականջ» բաժանմունք:
Անահիտի մայրը Vesti.am-ին տեղեկացրել է, որ նա ականջի թմբկաթաղանթի վնասվածք ունի, հիմա ստուգումներ են իրականացնում, որից հետո էլ պարզ կլինի՝ կվիրահատե՞ն, թե՞ ոչ:
Անահիտն էլ նշել է, որ իրեն արդեն լավ է զգում:
-Նստեցինք ավտոբուս, ամեն ինչ նորմալ էր, ոչ մի տարօրինակ բան չկար,-ասել է նա:
Անահիտի մայրը հուսով է, որ վիրահատության կարիք չի լինի.
-Անահիտը հիմա թույլ է լսում, պահ կա, որ լսում է, պահ կա՝ այդքան էլ լավ չի լսում: Մտածում եմ, որ այսքան բանի միջով բարեհաջող անցել ենք, գոնե վիրահատական միջամտության կարիք չի լինի,-ասել է նա:
Vesti.am