Foto

Արցախյան коронаվիրուսային ընտրություններից հետո, Արայիկ Հարությունյանը կմնա վիրուսի հետ առանց «корона»-ի

Ակնհայտ է, որ արցախյան ընտրությունների հետաձգմանը դեմ են ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու Մասիս Մաիլյանը (Մայիլյանը ձևականորեն հայտարարել է, որ ըմբռնումով կմոտենա, եթե իշխանությունները որոշեն հետաձգել, բայց չի պնդել, որ պետք է կորոնավիրուսի պատճառով հետաձգել), այլ նաև Արայիկ Հարությունյանը:

Սույն գործիչների՝ ընտրությունները հետաձգելուն դեմ լինելու մոտիվացիաները տարբեր են։ Թե ինչու է Փաշինյանը դեմ, հասկանալի է, քանզի վերջինս քաջ գիտակցում է, որ այս ընտրությունների արդյունքում Արցախն իրականում ունենալու է «կաղ բադ» նախագհ: Հենց այդպիսի նախագահ է ուզում ունենալ Արցախում Փաշինյանը: Որպեսզի նրան կարողանա  հեշտորեն իր վերահսկողության տակ վերձնել:

Իսկ թե ինչու՞ է Արայիկ Հարությունյանն ուզում, որ ընտրությունները չհետաձգվեն, նույնպես պարզ է: Արայիկն այս շախմատային պարտիայում մեկ կամ երկու քայլանոց կոմբինացիաներ է տեսնում: Երրորդ քայլը նրան տեսանելի չէ: Թե ինչու է այդպես ստացվել, քննարկման այլ թեմա է։ Նա մեծ ռեսուրսներ է ծախսել և չի ուզում, որ դրանք ջուրը լցվեն։ Մանավանդ, որ իր կարծիքով գալիք ընտրությունների արդյունքները, ըստ նրա, արդեն իր գրպանում են գտնվում:

Իսկ հիմա հատուկ Արայիկ Հարությունյանի համար նկարագրենք այն սցենարը, թե ինչպես են զարգանալու գործընթացները, եթե հենց առաջին փուլում ինքը, օգտվելով տարատեսակ լծակներից, իրեն հաղթող  ճանաչի:

Սկսենք նրանից, որ նրա հաղթանակը մյուսները չեն ճանաչելու: Ինքը՝Արայիկ Հարությունյանը հայտարարվելու է ոչ լեգիտիմ: Որից հետո սկսվելու են քաղաքական ցնցումները, որտեղ հիմնական դեր են կատարելու   սորոսականները և նրանց հարակից  շրջանակները՝ Փաշինյանի և դրսի ուժերի գործուն աջակցությամբ:

Այս պայմաններում, արդեն «ընտրված» նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի բոլոր քայլերը կասկածի տակ են դրվելու: Իսկ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում արդեն երեք ամիս անց Արայիկը հիշելու է մեր այս նախազգուշացում–վերլուծությունը և անիծելու է այն օրը, երբ նա, լսելով իր խորհրդականներին, համաձայնեց մեկ փուլով «խփել» համապատասխան տոկոսները և ստանձնել նախագահի պաշտոնը այս պայմաններում:

Սակայն նրան այլև ոչ ոք չի թողնելու հետ քայլ կատարել: Նա բոլոր ոչ պոպուլյար քայլերը կատարելուց հետո է միայն ուղարկվելու համապատասխան տեղ:

Չի բացառվում որ այդ փուլը տևի մեկ տարի: Թուլացած Արայիկ Հարությունյանը ստանալու է  հարվածները բոլոր կողմերից, իսկ վերջում «քավության նոխազի» դերում է հայտնվելու:

Սա դեռ զարգացումների լավատեսական սցենարն է:

Հնարավոր է, որ ընթանա իր համար էլ ավելի վատ սցենարի ուղությամբ: Երբ նա մտցնի հատուկ դրություն և հայտարարի, որ Արցախում էլ կան վարակվածներ, նրան մեղադրելու են, որ նա միտումնավոր է թաքցրել դա մինչև ընտրությունները, որպեսզի զավթի նախագահի աթոռը:

Կորոնավիրուսի պայմաններում արցախցիների աչքերում նա կներկայացվի որպես մարդ, ով իր  անձնական շահերը ավելի բարձր է դասում, քան շարքային քաղաքացիների առողջությունը:

Այս սցենարի պարագայում, երբ աշխարով մեկ հաստատվելու է սով և համատարած աղքատություն, Արայիկ Հարությունյանին մեղադրելու են ամեն ինչի մեջ: Իսկ ինքը, պաշտպանվել չի կարողանալու: Հիշելու են, որ նա շատ փող ունի և պահանջելու են այդ փողերը։

Էլ չասենք այն, որ իր բոլոր քաղաքական հակառակորդները հետևելու են, թե երբ է նա սայթաքելու, որ նրան խաղից դուրս հանեն:

Այս զարգացումներում կա նաև երրորդ, է՛լ ավելի վատատեսական սցենար, որը մենք չենք ներկայացնի, մեր բոլորիս և հատկապես Արայիկի տրամադրությունը վերջնականապես չփչացնելու համար:

Բայց վերջում կուզենայինք հանգստացնել Հարությունյանին։ Ընտրության արդյունքները որոշելու են արցախցիները, այլ ոչ թե ինքը։ Իսկ դա նշանակում է, որ Հարությունյանը բոլոր շանսերն ունի վերը նշված սցենարներից խուսափելու։

Հեղինակ: vesti.am vesti