Foto

Հայ-Ռուսական համալսարանը և Ապկարիան հիմնադրամը կհամագործակցեն

Հայ-Ռուսական համալսարանը և Ապկարիան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողներին հնարավորություն է ընձեռնվելու անցնել պրակտիկա և վերապատրաստում արտասահմանյան առաջատար ԲՈւՀ-երում։ «Ապկարիան հիմնադրամն անգնահատելի աջակցություն է ցուցաբերում ուսանողներին Եվրոպայի առաջատար համալսարանների և միջազգային կազմակերպությունների ամառային դպրոցներին մասնակցելու հարցում։

Մասնավորապես՝ ընթացիկ տարում մենք ծրագրում ենք կազմակերպել մեր իրավաբան-ուսանողների պրակտիկան Ժնևի համալսարանում՝ մտավոր սեփականության, Նիդեռլանդների Լեյդենի համալսարանում՝ միջազգային առևտրային արբիտրաժի, Ամստերդամի բաց համալսարանում՝ միջազգային քրեական իրավունքի բնագավառներում և այլն»,- նշել է Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կշարունակվի և ավելի կխորանա առաջիկա տարիներին։

Կողմերի համատեղ նպատակն է նպաստել իրավաբանների դպրոցի կայացմանը և Հայաստանում իրավաբանական կրթության մրցակցության զարգացմանը։

ՀՌՀ մամուլի ծառայություն