Այս մեկուկես տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյան- Զոհրաբ Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար զույգը կրկին բռնվեց Սերժ Սարգսյան-Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակ:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բրատիսլավայում կ Զոհրաբ Մնացականյանի ելույթին:
Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում Բրատիսլավայի քննարկումը մշուշոտ է և պետք է հասկանալ՝ ինչ է կատարվել այնտեղ:
Ըստ Աշոտյանի՝ մեկուկես տարի անց նույն կետին վերադառնալու բացասական հետևանքը միայն ժամանակի կորուստն ու միայն այն «լոպազությունը» չեն:
«Բացասական հետևանքներից մեկն այն է, որ համը մնացել է Ադրբեջանի բերանում, մասնավորապես, փախստականների վերադարձի խնդրի վերաբերյալ, հայկական կողմից այս ընթացքում անհասկանալի խաղաղասիրության մեսիջների և հղումների վերաբերյալ, և այստեղ իշխանության և ողջ հասարակության համար առաջանում է պլան Բ-ի խնդիր: Այն իր մեջ ներառում է հետևյալ կարևոր բաղադրիչները՝ առաջինը՝ դադարել ջլատել հասարակությունն ու քաղաքական դաշտը յուրայինների և թշնամիների: Հրապարակավ հայտարարել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ զեբրի՝ այն է՝ սև ու սպիտակի դարաշրջանն ավարտված է»,-ասել է Արմեն Աշոտյանը:
Ըստ ՀՀԿ փոխնախագահի Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարի պետք է նախաձեռնի ԱԺ արտահերթ ընտրություններ, որովհետև ԱԺ-ն որպես Հայաստանում հասարակական-քաղաքական թիվ մեկ ամբիոն՝ այն չի իրականացնում իր ֆունկցիաները, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ չի արտահայտում և չի արտահայտելու հասարակաքաղաքական ճաշակը և ներկայանալիության տեսանկյունից չի ներկայացնում հասարակակաքաղաքական դաշտի ողջ հիմնական ներկապնակը»: