Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լուրջ հիմքեր չի տեսնում Սև ծովում Ուկրաինայի հետ փոխադարձ հրադադարի համաձայնության համար։ Այս դիրքորոշումը հայտնել է գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ռուսական կողմը ստացել է Թուրքիայի առաջարկը՝ Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում մտցնելու վերաբերյալ, և պատրաստ է արդյոք քննարկել նման տարբերակը։
Զախարովայի խոսքով, որը տարածել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, Մոսկվան ավանդաբար ուշադրությամբ է վերաբերվում «խաղաղության բոլոր նախաձեռնություններին, որ առաջարկում են օտարերկրյա գործընկերները, հատկապես Թուրքիան»։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը ներկայում պարբերաբար բախվում է «ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ իրականացվող անզուսպ ահաբեկչական գործողությունների»։
«Մենք այս հարձակումները դիտարկում ենք որպես Սևծովյան տարածաշրջանում քաղաքացիական նավագնացությունն անկայունացնելու միտումնավոր քաղաքականություն՝ իրավիճակի հետագա սրման և հակամարտության երկարաձգման նպատակով, տարածաշրջանի մեր հարևանների ակնհայտ թողտվությամբ։ Միևնույն ժամանակ, մենք չենք տեսնում իրավիճակի բարելավման որևէ նշան, և, հետևաբար, որևէ հիմք՝ կիսատ միջոցառումների համար, որոնք պարզապես ժամանակավորապես հանգիստ կտան Կիևի ռեժիմին», – ասել է արտգործնախարարության խոսնակը։
Օգոստոսի 13-ին Reuters գործակալությունը հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարան Մոսկվայի գործընկերներին է փոխանցել Ուկրաինայի առաջարկը՝ փոխադարձաբար դադարեցնելու Սև ծովում առևտրային նավերի և կողմերի համար կարևոր լոգիստիկ օբյեկտների դեմ հարվածները։









