Foto

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանա

Կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 291 մլն դրամ կհատկացվի Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին՝ երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ Շիրակի, Լոռու և Արագածոտնի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 453 ընտանիքների բնկարանային խնդիրը դեռևս լուծման կարիք ուներ և կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով այդ ընտանիքների բնակարանների ապահովման հարցը նախատեսվել է լուծել 2020 թվականին։

«Նախագծով նախատեսված է լուծել ծրագրի շահառու ճանաչված և 2019թ.-ի սեպտեմբերի ընթացքում իրականացված գրավոր հարցման ընթացքում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման տարբերակն ընտրած 227 ընտանիքի բնակարանայինխնդիրը»,-նշեց Արմեն Ղուլարյանը։

Նա մանրամասնեց՝ 553 մլն 600 հազ դրամն ուղղվելու է Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի շահառու 90 ընտանիքի, 674 մլն 800 հազ-ը՝ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 121 ընտանիքի և 81 մլն 100 հազ դրամը կուղղվի Արագածոտնի գյուղական բնակավայրերի շահառու ճանաչված 16 ընտանիքների։

Արմեն Ղուլարյանը հավելեց, որ բնակարանային գնման վկայագրերի տրամադրումն իրականացվելու է մարզպետարանների միջոցով, իսկ վճարումները՝ նոտարների միջոցով. «Այդ նպատակով գումարները մինչև տարեվերջ փոխանցվելու են համապատասխան նոտարների դեպոզիտային հաշիվներին, իսկ սահմանված վերջնաժամկետներից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը այդ մնացորդային և տնտեսված գումարները վերադարձվելու են պետբյուջե»։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ քաղաքական խնդիր են դրել՝ հնարավորինս արագ լուծել հայրենակիցների հարցը. «2020 թվականի բյուջեում մենք այս նպատակով հատկացվող գումարները մոտավորապես 6 անգամ ավելացրել ենք և մյուս տարի նախատեսված է 3 մլրդ դրամ այդ նպատակի համար»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ռեալ շանս ունենք մյուս տարվա բյուջեով հատկացված միջոցներից այդ խնդիրը լուծել և վերջացնել։