Foto

Ռոբերտ Քոչարյան․ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից

Sputnik Արմենիա-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։ Հասկանալի պատճառներով ոչ թե հարցազրույց է ստացվել, այլ բացառիկ տեքստ, որը ՀՀ երկրորդ նախագահը պատրաստել է քննչական մեկուսարանում։

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արեւմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները եւ ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում եւ որպես կանոն «նստած» են արեւմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաեւ ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արեւմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության եւ Ռուսաստանի հանդեպ պարբերական ռեւերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները եւ գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը եւ բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արեւմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից եւ շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների եւ պրակտիկ գործողությունների միջեւ գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների եւ արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ եւ տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. եւ վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

Փաշինյանի եւ Ալիեւի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված եւ մեզ համար շատ կարեւոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձեւակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության եւ իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաեւ այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաեւ հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները եւ կործանարար հետեւանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի եւ զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի եւ պատասխանատվություն կավելացնի իշխանության եւ նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սեւերի եւ սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից եւ զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները եւ ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարեւոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի եւ Արցախի կառավարող էլիտաների միջեւ, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս եւ նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները եւ վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որեւէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության եւ անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր եւ դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։