ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին թույլատրվել է հանդիպել կնոջն ու երեխաներին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։
«Թույլատրվել է կնոջ ուղեկցությամբ նրա երեխաների տեսակցությունը հոր հետ։ Տեսակցության արգելքը հանվել է միայն մերձավոր ազգականների մասով»,-ասաց Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ անչափահաս երեխաների հետ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցության արգելքը թյուրիմացության հետեւանք է։ «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Տվյալ դեպքում գործը քննող քննիչն եկել է այն եզրահանգման, որ Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն կալանավորման պայմաններում և հենց այդ նկատառումներով էլ արգելանք է դրվել տեսակցությունների վրա»,-ասել էր ՀՔԾ պետը՝ հավելելով, որ եթե թյուրիմացություն է եղել, ուրեմն կշտկվի։
Հավելենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հոկտեմբերի 25-ի երեկոյան ԱԺ պատգամավորներ Գևորգ Գեորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ, որոնց թույլ չէին տվել տեսակցել Արսեն Բաբայանին, պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա։









