Foto

Ռուստամ Բադասյան․ Հունանյանի արժեքավոր տեղեկությունը պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե ինձ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության իրականացնողներից ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի դիմումին՝ իրեն պայմանական վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումը մերժել և հարցն անգամ դատարան չի ներկայացրել:

«Մենք այս անգամ չենք հասնի դատաքննության փուլ, այսինքն՝ միջնորդությունը չի հասնի դատարան: Տարածել ենք հաղորդագրություն, կա բողոքարկելու որոշակի ժամկետ: Ամեն դեպքում այս փուլում Արդարադատության նախարարության ենթակա ոլորտից այլևս դուրս է հարցը»,- ասաց Բադասյանը:

Նախարարը նշեց, որ Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու ցանկություն չունի: Դիտարկմանը, որ նա միգուցե արժեքավոր տեղեկություններ կներկայացնի, Բադասյանը պատասխանեց. «Եթե արժեքավոր տեղեկություններ ներկայացնի, դա առաջին հերթին պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե ինձ»: