Foto

Օսման Բայդեմիր․ Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց են ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Ուրֆայից նախկին պատգամավոր Օսման Բայդեմիրի դեմ:Պատճառը Օսման Բայդեմիրի՝ բրիտանական BBC-ի կենտրոնական գրասենյակի շենի առջև տված հարցազրույցում տեղ գտած արտահայտություններն են: «Թուրքիա պետությունն այս պահին ոչնչացնում է քրդական քաղաքներն ու գավառները: Հիմա ցանկանում եմ հարցնել՝ ո՞վ է ահաբեկիչը, ո՞վ է բռնապետը: Քրդերին ո՞վ է սպանում: Երեխաներին և կանանց ո՞վ է սպանում: Այժմ բոլորս միասին ստիպված ենք ճնշել ֆաշիզմը: Այժմ բոլորս միասին ստիպված ենք կանգնեցնել ցեղասպանությունը Ռոժավայում (Սիրիական Քուրդիստան): Եթե դա չանենք, պատմությունը կկրկնվի՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Ստիպված ենք տեսնել Էրդողանի ու «Իսլամական պետության» միջև կապը: Այդ հարաբերություններն այսօր էլ են շարունակվում այնպես, ինչպես երեկ էին»,- ասել էր նա, հայտնում է yerkir.am-ը:
Հայցի մեջ նշված է, որ Բայդեմիրի խոսքերի մեջ առկա են Էրդողանին մեղադրող և վիրավորող, Թուրքիայի Հանրապետությունը հրապարակավ ստորացնող խոսքեր, և պատիժ է պահանջվում Բայդեմիրի նկատմամբ:
Օսման Բայդեմիրը բազմիցս աչքի է ընկել հայամետ հայտարարություններով: 2004-2014 թթ. եղել է Դիարբեքիրի քաղաքապետ և հենց նրա ջանքերի շնորհիվ էր վերակառուցվել հայկական Սբ Կիրակոս եկեղեցին: