Foto

Արա Աբրահամյանի բացման խոսքը Եվրասիական գործընկերության միջազգային չորրորդ համաժաղովում

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի հարգելի մասնակիցներ և հյուրեր, թանկագին բարեկամներ:

Ողջունում եմ ձեզ Երևանում, այս հրաշալի քաղաքում, որը միշտ տարբերվում է իր ջերմ միջավայրով, հյուրընկալությամբ և  հրաշալի եղանակով:

Այս տարի Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում և այդ կարգավիճակում իր ներդրումն է ունենում միության զարգացման, նոր նշանակալից գործընկերների հետ հարաբերությունների ընդլայնման մեջ: Իրանի, Սինգապուրի և Մոլդովայի բարձրագույն ղեկավարների ներկայությունը Երևանում ` դրա վառ ապացույցն է:

Համաժողովին ներկա երկրների միասնական ներուժն ու համակարգված գործունեությունը կարող է իր նպաստը բերել ոչ միայն Եվրասիայի, այլև ամբողջ աշխարհի ժողովուրդների զարգացմանը:

Կազմկոմիտեի և անձամբ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարությանը, նախարար Դենիս Մանտուրովին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ աջակցություն ցուցաբերելու համար: 

Մեր համաժողովը դժվար է պատկերացնել առանց Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի: Ֆորումի հաջողության գրավականն է «ՌՈՍՏԵԽ» պետական կորպորացիայի մասնակցությունը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սերգեյ Չեմեզովին և ՌՈՍՏԵԽ-ի ամբողջ անձնակազմին, ովքեր 2016 թվականից, որպես արդյունավետ գործընկերներ, ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ֆորումի աշխատանքներին:

Որախ եմ, որ դահլիճում տեսնում եմ ԵԱՏՄ անդամ-երկրների, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի գործարար կառույցների և արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին:

Հարգելի գործընկերներ

Եվրասիական տնտեսական միությունը, անդամ-պետութունների նպատակաուղղված և համակարգված ջանքերի շնորհիվ,  կազմակերպական և կառուցվածքային կայացման լուրջ ճանապարհ է անցել:

Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն միմյանց շահերը կարևորող արդյունավետ ինտեգրացիոն միավորում է, այլև աշխարհի շատ երկրների համար հանդիսանում է զարգացման և ներդրումային գայթակղիչ միջավայր:

Այն արտահանման, ներմուծման լայն հնարավորություններ ունի: Այստեղ են կենտրոնացված հսկայական բնական պաշարներ, բարձրարժեք մարդկային ներուժ:

Այս ամենը թույլ է տալիս զարգացնել արտադրական և տեխնոլոգիական համագործակցությունը, իրականացնել տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման, Միության տարանցիկ ներուժի մեծացման, ազատ արտահանման և տնտեսական շահութաբերության համար նոր լոգիստիկ շղթաների ձևավորման խոշոր նախագծեր:     

Այս առիթով նպատակահարմար եմ գտնում այսօր գործող ԵԱՏՄ Ինստիտուտի արդյունավետ ընդլայնումն ու դրա հիման վրա տարբեր երկրներում մշտական հիմունքներով գործող մասնաճյուղեր և առանձին նախագծային կառույցների տեսքով ֆոկուս խմբերի ձևավորումը:    

Այս ամենը կարող է Միության համագործակցության միջավայրում հիմք ծառայել  հեռանկարային ծրագրերում և ստարտափներում` ներդրումների ներգրավման միասնական հարթակի ստեղծման գործում: Սա կնպասի միասնական Խորհրդատվական տարածքի ստեղծմանը, կոմպլեմենտար և նեղ մասնագիտական գիտելիքների վրա հիմնված բիզնես ծառայությունների՝ այսպես կոչված KIBS-ի կայացմանը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների նորարարական սեկտորի զարգացմանը:

Անհրաժեշտ է զարգացնել արդեն իսկ իրականացվող ծրագրերը՝ ստեղծելով միասնական հարթակ Միության անդամ-պետությունների գործարարների շփումների համար, մասնավորապես տնտեսության բարձր տեխնոլոգիական և գիտատար ճյուղերից, աջակցել համատեղ կոմերցիոն գիտահետազոտական և փորձարար–նախագծային աշխատանքների  զարգացմանը՝ առևտրայնացման ընդհանուր համակարգի ստեղծման միջոցով:    

Հարգելի Գործընկերներ

ԵԱՏՄ անդամ-պետությունները, ինչպես նաև գործընկեր երկիրներն ունեն իրենց առավելություններն ու գործելակերպը, տարբերվում են աշխարհագրական և տնտեսական ցուցանիշներով, համաշխարհային տնտեսական և քաղաքական համակարգում իրենց ներգրավվածությամբ:

Հայաստանն` իր հարուստ առևտրական ավանդույթներով, հարկային և մաքսային որոշակի առավելություններով ու մտավոր ներուժի շնորհիվ կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության եռուն խաչմերուկ: Իսկ հզոր Սփյուռքի առկայության շնորհիվ, Միության ամենափոքր երկրի սահմաններն ընդլայնվում են ողջ աշխարհով:

Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների միասնական ներուժի ճիշտ եւ նպատակային օգտագործումը կարող է ունենալ այնպիսի դեր, ինչպիսին  ժամանակին ուներ Մետաքսի մեծ ճանապարհը Եվրասիայի քաղաքակրթությունների միջև նորարարությունների տարածման և մշակութային ձեռքբերումների փոխանակման գործում:

Հարգելի բարեկամներ,

Այս տարի մեր համաժողովն անցկացվում է խորհրդանշական մի վայրում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որը բացահայտում է պատանիների ունակությունները, նրանց առջև բացելով նոր հորիզոններ:

Նույն կերպ Եվրասիական տնտեսական միությունը իր անդամ-երկրների առավելությունների բացահայտմամբ ու նրանց ճիշտ միավորմամբ կարող է մեզ դուրս բերել ներկա հիմնախնդիրների և մարտահրավերների շրջանակներից և վերածել գլոբալ ուժի:

Այս գործում բոլորիս մաղթում եմ հաջողություն և հուսով եմ, որ համաժողովի օրակարգն ու մթնոլորտը կբերեն արդյունավետ երկխոսության և Մեծ Եվրասիայի գաղափարի շուրջ միավորմանը:

Շնորհակալություն ուշադրության համար: