Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ: Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Oրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թ. հունվարի 1-ից: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետների 2 տարով երկարաձգումով՝ դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն 2020 և 2021 թթ. համար օրենքին համապատասխան իրականացնելու համար։ Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ՀՀ-ում համայնքների միավորման գործընթացն ամբողջովին չի ավարտվել և առկա են մի շարք համայնքներ, որոնք ունեն փոքրաթիվ բնակչություն և ներկայիս օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ, որոնց կհատկացվի պակաս, քան 2016 թ.-ին փաստացի հատկացված դոտացիաները: Ուստի վերը նշված հարցերը կարող են կարգավորվել համայնքների միավորման գործընթացն ամբողջովին ավարտելու. ՀՀ համայնքների միավորման գործընթացը նախատեսվում է ամբողջովին ավարտել 2021 թ.-ին։
Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները կարտացոլվեն ՀՀ 2019թ. պետբյուջեում
Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության և թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն 2019 թ. սեպտեմբերի 19-ին իրականացրել է արտարժութային պետական պարտատոմսերի երրորդ տեղաբաշխումը 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով, տեղաբաշխումից մուտքը կազմել է 489.9 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ իրականացվել է 2020 թ. մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի գծով մասնակի հետգնում 402.4 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի դիմաց վճարվել է 427.9 մլն ԱՄՆ դոլար` ներառյալ հետգնված պարտատոմսերի անվանական արժեքը, հավելավճարը և հաշվեգրված արժեկտրոնի գումարը: Վճարման ենթակա գումարը վճարվել է 2019 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների հաշվին: Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարը՝ 489.9 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև դրա օգտագործման ուղղությունները անհրաժեշտ է արտացոլել «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում՝ պետական բյուջեի բոլոր մուտքերի և ելքերի հրապարակայնությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է ավելացնել ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված «Պետական պարտքի կառավարում» ծրագրի «ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտարժութային պետական պարտատոմսերի մասով» և «Արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման ծառայություններ» միջոցառումների գծով ինն ամսվա և տարեկան հատկացումների գումարները: Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկման և ցուցակման ծառայությունների գծով կառավարության ստանձնած պարտավորությունների ժամանակին և ամբողջ ծավալով իրականացումը: Որոշմամբ առաջարկվում է, մասնավորաապես, փոփոխություններն իրականացնել՝ ավելացնելով ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված այլ եկամուտները՝ բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ անունից արտարժութային պետական պարտատոմսերի գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մի շարք ծառայությունների ձեռքբերման գծով ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության անունից արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է հետևյալ պայմանագրերը՝ 2019 թ. հուլիսի 18-ին միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, 2019 թ. սեպտեմբերի 9-ին արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման նպատակով «J.P.Morgan Securities plc» և «Citigroup Global Markets Limited» ընկերությունների հետ, 2013 թ. օգոստոսի 15-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ, 2012 թվականի դեկտեմբերի 17-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Moody’s» վարկանշային ընկերության հետ: