Foto

Առաջարկվում է օրենքով սահմանափակել կանխիկ գործառնությունների ծավալը

ՀՀ Կենտրոնական բանկը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է նվազեցնել կանխիկի դրամաշրջանառությունը, քաղաքացիների համար սահմանել անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր, ուժեղացնել հարկային վարչարարությունը, պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները և ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ։

Օրենքի նախագծով նախատեսվում է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը դարձնել պարտադիր՝ հնարավորություն տալու քաղաքացիներին խնայել ժամանակ, որը վերջիններս վատնում էին վճարային քարտից գումար կանխիկացնելու և որոշակի ապրանքի կամ ծառայության դիմաց վճարում կատարելու համար։

Առաջարկված փաթեթով նախատեսվում է սահմանափակումներ կիրառել կանխիկ գործարքների նկատմամբ՝ սահմանելով որոշակի շեմեր, որոնցից ավել գործարքները պետք է անպայմանորեն իրականացվեն անկանխիկ եղանակով:    

Նախագիծը ենթադրում է նաև, որ նոր կարգավորումների միջոցով հնարավոր կլինի ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ, քանի որ անկանխիկ գործառնություններ իրականացնելիս գրեթե անհնար է դառնում թաքցնել շրջանառությունը և խուսափել հարկային և մաքսային վճարներից:

Նախագծի համաձայն՝ աշխատավարձերի վճարումը ևս նախատեսվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով: Աստիճանաբար անկանխիկ են վճարվելու նաև կենսաթոշակները, բացառությամբ՝ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամների և 75 տարին լրացած անձանց։

Ենթադրվում է, որ օրենքի ընդունումը մի կողմից կմեծացնի բանկային միջնորդությունը, որն իր ազդեցությունը կունենա ֆինանսական համակարգի զարգացման վրա, մյուս կողմից՝ Հայաստանում կձևավորվի անկանխիկ վճարումներ կատարելու մշակույթ։