Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում Թուրքիայի ծրագիրը պատրաստ է:
Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն «Համատեղ գործողությունների կենտրոն» են ձևավորել, որն էլ անվտանգության գոտու ստեղծման աշխատանքներ է իրականացնում: Չավուշօղլուի խոսքերով՝ ԱՄՆ-ն այս գործընթացը շեղելու փորձեր է անում և եթե իրենց համագործակցությունն արդյունք չտա, ապա Թուրքիան մուտք կգործի այդ տարածք: Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ այդ շրջաններ մտնելու համար Թուրքիայի ծրագիրը պատրաստ է:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Մանբիչում, որտեղից ԱՄՆ-ն պետք է դուրս բերեր Սիրիայի քրդական ուժերին, Վաշինգտոնը չի կատարել Անկարային տված խոստումը, հետևաբար Թուրքիան չի ցանկանում անվտանգության գոտու հարցում կրկնել Մանբիչի պատմությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին նմանատիպ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա ԱՄՆ-ին ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի ավարտը՝ նշելով, որ եթե մինչև այդ թուրք զինվորների մասնակցությամբ անվտանգության գոտին ձևավորված չլինի, ապա Թուրքիային այլ տարբերակ չի մնա, քան սեփական ճանապարհով գնալը:









