Foto

Կառավարությունն արտոնություն տրամադրեց 3 ընկերության

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց արտոնություն տրամադրել երեք ընկերության՝ («ԱՖԱ», «Լենտեքս», «ՊՐՈՖ ԱԼ») գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

Էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե արտադրության որ ոլորտներում են օգտագործվելու ներմուծվող ապրանքատեսակները: Մասնավորապես՝ «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արգելակման կոճղակների արտադրության մեջ։ «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գուլպայի, զուգագուլպայի, տրիկոտաժի արտադրության և թելի վերամշակման համար։ «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությունների տեխնիկական պահանջներին։

 

Ըստ նախագծի՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Էկոնոմիկայի նախարարը, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, նշեց, որ  երեք նախագծով, ընդհանուր առմամբ, նախատեսվում է 11, 3 միլիարդ դրամ ներդրումային ծրագիր: