Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Ֆրիդրիխ Մկրտիչի Սողոյանի ընտանիքներին և ընկերներին․
«Մահացել է Ֆրիդ Սողոյանը: Մեր Ֆրիդը...
Հայտնի քանդակագործ: Երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի ժողովրդական արտիստ: Լենինի մրցանակի դափնեկիր: Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ: Գյումրու պատվավոր քաղաքացի` քաղաքի, որտեղ նա ծնվել է, և որի ամենավառ ներկայացուցիչն է հանդիսացել: Մեծ Մարդ և Քաղաքացի:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՌՀՄ անդամների և անձամբ իր անունից խոր ցավակցություն է հայտնել Ֆրիդրիխ Մկրտիչի Սողոյանի ընտանիքներին և ընկերներին:
Սողոյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Հայ Առաքելական եկեղեցու տաճարային համալիրում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936 թվական հոկտեմբերի 2–ին, Գյումրիում: 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։
Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970, Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում՝ Արևելքի մեծ իմաստասերների (1970) արձանները, Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Սամարղանդում և այլուր[2]։
Սողոյանի աշխատանքները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում»։









