Ոչ, վերնագրում տառասխալ չկա: Հայաստանի մարգարիտը՝ Սևանն այլևս ոչ թե ծփում, այլ ճչում է ցավերից ու իր նկատմամբ անտարբերությունից:
Օրերս Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ՖԲ էջում անդարադարձել է Սևանի խնդիրներին ու բազմաթիվ հարցադրումներ կատարել: Նախկին պաշտոնյան պատմում է, թե ինչպե՞ս էր իրականացվում (ավելի ճիշտ չիրականացվում) ձկնորսության արգելքը Սևանում, ինչո՞ւ չի բարձրացվում ջրի մակարդակը, ի՞նչ հնարավոր ռիսկեր կան ձկնապաշարների, ջրի որակի համար և այլն: Հատկանշական է, որ իր մտահոգությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելուց և «Սևան» ազգային պարկում տեսչական ստուգում նախաձեռնելուց հետո (որն այդպես էլ չիրականացվեց), Արթուր Գրիգորյանին նույն վարչապետն առանց բացատրությունների պաշտոնանկ արեց:
Տասնամյակներ շարունակ շահագրգիռ կազմակերպություններն ու անհատներն ահազանգել են Սևանի խնդիրների մասին: Արցախյան ազատամարտի և շրջափակման տարիներին Սևանը սովամահությունից փրկեց երկիրը, բայց այդ տարիների իշխանությունների թողտվությամբ ձևավորված մաֆիան արդեն գիտակցում էր, որ ի դեմս Սևանի գոյություն ունի ապօրինի հարստացման ահռելի ռեսուրս, որն էլ անխնա շահագործելով ու աստիճանաբար սնանկացնելով, երկիրն ու լիճը կանգնեցրեց բնապահպանական կոլապսի առաջ: Ցավալին սակայն այն է, որ «հեղափոխությունից» հետո իշխանության եկած մարդիկ նույնպես անհաղորդ են Սևանի խնդիրներին: Ամեն օր ու առիթով երդվում են, թե լիճն իրենց սրբությունն է, երեկ խմել են ջուրը, հիմա փորձանմուշ են վերցնելու, վաղը այցելելու են, մյուս օրը բռնելու են, հաջորդ օրը պատժելու են… Բառալուծ (համարյա փորլուծ), որ ոչ մի օգուտ չի տալի, բացի պոպուլիստական էժանագին դիվիդենտներից: Ակամա հիշում եմ այս տարվա ապրիլի 3-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյնալյանի դեմքերի արտահայտությունը, երբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զեկուցում եր, թե ամառային ջրառից հետո տարվա վերջում Սևանի մակարդակը կբարձրանա 45 սմ-ով: Վերջին տվյալներով (մոտ տասնօրյա վաղեմության) լճի մակարդակը դեռ սպասվածից 2 սմ-ով ցածր է: Այսօր, երբ Սևանը խեղդվում է կապտականաչ ջրիմուռների շերտի տակ, Նիկոլ Փաշինյանի մտքով անցնո՞ւմ է ԱԻ նախարարից, «Սևան» ազգային պարկի տնօրինությունից, Գեղարքունիքի մարզպետարանից և Շրջակա միջավայրի նախարարությունից բացատրություն պահանջել, ո՞ւր կորավ խոստացված ջրաքանակը, ինչո՞ւ նորից «ծաղկեց» լիճը, ինչո՞ւ ձկնապաշարների մոնիթորինգի համար գումար չհատկացվեց, ինչո՞ւ է դեռ խանութներում սիգի պահածո, իսկ փողոցներում թարմ սիգ վաճառվում: Իսկ գուցե վարչապետը գիտի՞ այս և մյուս բոլոր հարցերի պատասխանները, բայց ձայն չի հանում, որովհետև դրանց մասին բարձրաձայնող միակ սկզբունքային պաշտոնյային ազատել էր աշխատանքից (գուցե միտումնավոր):
Ինչևէ, այսօր ունենք մի իրավիճակ, երբ վարչապետը սինգապուրներում խոլորձի բույրն է վայելում, իսկ Հայաստանում առողջապահության նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին, որ Սևանում լողալը առողջության համար արդեն վտանգավոր է: