«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը Հրազդան գետի աղտոտման պատճառների ու հետևանքների մասին խոսելիս ասել է, որ Հրազդանը Երևան է հասնում արդեն իսկ որոշակիորեն աղտոտված: Ի հավելումն դրա՝ Հրազդանի կիրճում տեղակայված գործող ռեստորանային և ժամանցի այլ վայրերը նպաստում են գետի ավելի աղտոտմանը: Ռեստորանային համալիրների մեծ մասը չունի կեղտաջրերի հեռացման համակարգ: Հակոբյանն ասել է, որ մինչև 2025թ. բոլոր մասնավոր ընկերությունները պարտադիր պետք է ունենան միացումներ մաքրման կայաններին: Համայնքներն էլ պարտավոր են կանոնակարգել դա մինչեւ 2030թ.` կա՛մ ունենալ սեփական կայաններ, կա՛մ միացում այլ կետում գործող մաքրման կայանի: «Օրենքով սահմանված պարտավորություն է, չկատարելու դեպքում կլինեն օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, մասնավորների դեպքում նաև գործունեության դադարեցում»,-ընդգծել է Հակոբյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն վերհանել են նախկինում արված բոլոր նախագծերը և աշխատում են գտնել իրավիճակի ամենառացիոնալ լուծումը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։









